Առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա». Փաշինյան
Մեր հետևողական քաղաքականությունն է, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված ունենանք շատ կոնկրետ պատասխաններ։ Այսօրվա կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային։
«Մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը մենք պետք է բարձրացնենք, խոսքը վերաբերում է հեռուստատեսային շուկային ու այդ շուկայում մենք այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք»,- ընդգծեց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում ստեղծվել են երկու կառույցներ, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշները ու գովազդային գումարները բաշխում՝ ըստ արձանագրված վարկանիշների:
«Ըստ էության, հեռուստատեսային շուկայում գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է»,- ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով, միջազգային կազմակերպությունների գնահատմամբ, ՀՀ կառավարությունը վերջին 1,5 տարվա ընթացքում թափանցիկության առումով կատարել է ահռելի քայլեր։ Հիմա, ըստ նրա, պետք է կատարեն հաջորդ քայլը, մասնավորապես, Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից:
«Օրինակ, այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» ընկերությունը ներկայացնում է լուրերի հրատապ թողարկումը ՀՀ-ում։ Ես դժգոհ չեմ այդ իրավիճակից, քանի որ կարծում եմ՝ նման հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն լրատվական պատերազմը, որ կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ աշխատանքի որակը ավելի ու ավելի բարձրացնեն։
«Բայց մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա: Ի միջիայլոց, հեռուստաընկերություն կա Հայաստանում, որ արդեն վիճակագրություն ունեմ, խաղադրույք եմ անում, ասում եմ, թե պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է հանրությանը, թե «որտեղ են ձմեռում խեցգետինները»»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան