Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն. Փաշինյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցիալական նոր համակարգի ներդրմանը։
Վարչապետի խոսքով՝ իր ղեկավարած կառավարությունն հենց առաջին օրից խնդիր է ունեցել ներդնել սոցիալական նոր համակարգ, քանի որ գործող սոցիալական աջակցության համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի խրախուսում:
«Կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկրետացրել ենք մեր հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անենք: Համակարգի ձևավորման շուրջ աշխատանքները դեռ պետք է շարունակվեն»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ երեկ այս թեմայով քննարկումներ են տեղի ունեցել և որոշվել է, որ բացի ԱՍՀ-ից, նոր համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքներին պետք է ներգրավվել այլ գերատեսչություններ:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն, ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ։
«Իսկ այն մարդիկ, որոնք աշխատունակ են, նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ նրանց կարողանանք քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որ նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել»,- ընդգծեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջարկվող համակարգը շատ բարդ է, դեռ նախնական է, պետք է քննարկվի։ Ըստ նրա՝ առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, ինչպես նաև պետք է առանձնահատուկ ուշադրության արժանանան մարդկանց կրթական կարիքները:
«Այսինքն՝ միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց ամսական որոշակի գումար վճարենք: Պետք է ճշգրտենք, այնպիսի օգնություն տրամադրենք, որպեսզի երեխաները և մեծահասակները ստանան կրթություն, մասնագիտական հմտություններ»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ պետք է հանրային քննարկումներ սկսել։