Հավակնոտ բարեփոխումներ Հայաստանում՝ մարդու իրավունքների ոլորտում. Human Rights Watch
Հայաստանում 2018-ին իշխանության եկած ուժերը հայտարարել են հավակնոտ բարեփոխումների օրակարգ տնտեսական և դատական ոլորտներում, նշված է անվանի իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության տարեկան զեկույցում: Այդուհանդերձ, մարդու իրավունքների ոլորտի հետ կապված որոշ խնդիրներ Հայաստանում մնում են:
Կազմակերպության «2020 Համաշխարհային Զեկույց»-ում նշված է, որ Հայաստանում առկա խնդիրներն առաջին հերթին վերաբերում են ընտանեկան բռնությանն ու սեռական փոքրամասնությունների նկատմամբ բռնությանը: 2019-ի առաջին կիսամյակում միայն իրավապահները Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված 331 գործ են հարուցել, սակայն, կանանց և երեխաների պաշտպանության հարցը չի կարգավորվել: Միասեռականների նկատմամբ Հայաստանում բռնությունների դեպքերն էլ ավելի բարդ է հաշվարկել, քանի որ հաճախ հանրային ճնշման պատճառով տուժածները ոստիկանություն հաղորդում չեն ներկայացնում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Իրավապաշտպանների գնահատմամբ, այս երկրի իշխանությունները կոշտ վերահսկողության տակ են պահում հասարակությունը, նվազեցնում քաղաքացիների ազատություններն ու իրավունքները, բացառում մամուլի ազատության որեւէ արտահայտումներ:
Վրաստանում իշխանությունները 2019-ին չարդարացված բռնություն են գործադրել ամռանը խաղաղ ցույցերը ցրելու նպատակով, իսկ Rustavi 2 հեռուստաալիքի գործարքը ճնշման տակ իրականացնելու արդյունքում հարված է հասցվել երկրում ազատ խոսքին:
Անցած տարվա ընթացքում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կտրուկ վատացել է նաև Ռուսաստանում, Թուրքիայում և Իրանում: Այդ երեք երկրների իշխանություններն կոշտ արգելափակել են իրենց քաղաքացիների խաղաղ բողոքելու իրավունքն ու պատժել ցույցերի մասնակիցներին: Ռուսաստանում անհիմն ընտրապայքարից հանվել են բազմաթիվ ընդդիմադիր թեկնածուներ, Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի իշխանության բոլոր ճյուղերն իր վերահսկողության տակ է վերցրել, իսկ Իրանում տեղի են ունեցել ցուցարարների նկատմամբ բռնությունների բազմաթիվ դեպքեր:
Մարդու իրավունքների համար արմատական խնդիր է Չինաստանը, որի իշխանությունների կարծիքով, մարդու իրավունքներն այդ երկրի համար էքզիստենցիալ վտանգ են ներկայացնում, նշված է Human Rights Watch-ի զեկույցում: Չինաստանն էլ իր հերթին էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների համար: Այսպես, Չինաստանը խախտում է մարդու իրավունքները ոչ միայն սեփական երկրի ներսում այլև՝ սահմաններից դուրս, նշում է Human Rights Watch կազմակերպության փորձագետ Յաքուի Վանգը: Human Rights Watch կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթի կարծիքով, սա «վերջին տասնամյակներին Չինաստանում առավել հուժկու բռնաճնշումներն են, որոնք կարելի է երեւի թե համեմատել Մշակութային Հեղափոխության ժամանակների հետ»:
Չինաստանը քննադատության հետ համաձայն չէ, պնդելով, որ հետապնդվողները, այդ թվում և Հոնկոնգի բողոքավորները, խախտում են օրենքը: