Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
Մի քանի տասնյակ անասնատերեր, գյուղացիներ տարբեր մարզերից այսօր հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի վերաբերյալ իրենց դժոգություններն իշխանություններին հասցնելու համար։
Նրանք ասում են՝ փոփոխությունն արվել է առանց անասնատերերի կարծիքը հաշվի առնելու։
«Պայմաններ չեն ստեղծել, բայց մեզ պահանջներ են թելադրում, 5-րդ ձև են պահանջում։ Մարդիկ ո՞նց իրենց անասունները տանեն սպանդանոց, եթե չկա։ Վայոց Ձորում մի հատ սպանդանոց է, զանգում եմ՝ ասում են, մենք մորթ չենք անում, ես որտե՞ղ տանեմ մորթելու»,-բողոքում են նրանք։
Գյուղատնտեսները ներկայացնում են՝ անասուններին մի քանի ամիս կապում են գումում, բթում, հետո կենդանին գոմից դուրս է գալիս կատաղած, բակում մորթելն է գրեթե անհնար, ոնց կատաղած կենդանուն հանեն «Զիլ»-ի մեջ ու սպանդանոց տեղափոխեն։
«Հիմա էս սիրուն օրենքը գրող տղուն ես ասում եմ, արի քեզ մի անասուն ցույց տամ, եթե ձեր սաղ անձնակազմով կարողացաք էդ ցուլիկին բռնել, տանեք սպանդանոց ու մորթել, կասեմ մոլոդեց։ Կամ մեր փողոցներում էդ բեռնատարը կանգնում է 150-200 մետր հեռու, երկու հոգով 300 կգ-անոց ցուլին ո՞նց են հասցնելու մեքենայի մոտ, ապա սպանդանոց»,-ասում է մեկ այլ անասնատեր։
Հաջորդն էլ մատնանշում է ծախսերի ավելացումը, մեկ ցուլիկին սպանդանոցում մորթն իրականացնելու համար պետք է վճարել 18-20 հազար դրամ, խոզի դեպքում՝ 8 հազար դրամ։
«Հաշվե՞լ են, որ ըտենց բան են անում, էդքան գումար մնո՞ւմ է գյուղացուն, որ ուզում են փողերը վերցնեն ձեռքից։ Այդ գումարի մեջ ներառված չեն անասունի, ապա մսի տեղափոխումը»,-ասաց նա։
Ազգությամբ եզդի անասնատերն էլ առաջարկում է՝ իրենց հնարավորություն տան մինի սպանդանոցներ ունենալ իրենց ֆերմաներին կից, անասնաբույժ կցեն, որ ստուգի անասունների առողջությունը։
«Այս բոլոր փոփոխությունները վերավաճառողների օգտին են»,-ասաց նա։
Նրանք խնդրի լուծման համար առաջարկում են յուրաքանչյուր համայնքում համայնքային միջոցներով սպանդանոց ստեղծել, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեն։
Հիշեցնենք, որ այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն այս ամսվա վերջ շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են:
Հարակից հրապարակումներ`
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
- Վաղվանից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար