Եգիպտոսում ձերբակալել են թուրքական «Anadolu» գործակալության Կահիրեի գրասենյակի 4 աշխատակցի
Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել այդ երկրում թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության գրասենյակի 4 աշխատակցի: Ձերբակալությունը տեղի է ունեցել «Anadolu»-ի՝ Կահիրեում գտնվող գրասենյակում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հաղորդվում է, որ ձերբակալվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի է (գործակալության Կահիրեի գրասեյակի ֆինանսական ու կազմակերպչական գործերի պատասխանատու Հիլմի Բալջը): Ոստիկանությունը ձերբակալությունից առաջ խուզարկություն է իրականացրել գրասենյակում, առգրավել աշխատակիցների բջջային հեռախոսներն ու համակարգիչները:
Ձերբակալության ու խուզարկության պատճառը հայտնի չէ, քանի որ այդ մասին Եգիպտոսի պատկան մարմինները դեռևս որևէ հայտարարություն չեն արել:
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Եգիպտոսի ոստիկանության գործողությունները:
«Anadolu գործակալության նկատմամբ իրականացված բռնի գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Եգիպտոսի իշխանությունների անհանդուրժողական վերաբերմունքը մամուլի նկատմամբ և ժողովրդավարության անմխիթար վիճակն այդ երկրում»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ թուրքական կողմը սպասում է գործակալության ձերբակալված աշխատակիցների անհապաղ ազատ արձակմանը: