Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա՝ այդ երկրի օրինական կառավարության տապալումը կանխելու համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամփոփելով 2019թ. անդրադարձել է երկրի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումներին:Այս մասին գրում է ermenihaber-ը:
Էրդողանի խոսքով` Արևելյան Միջերկրական ծովում տեղի ունեցող իրադարձությունները մի սցենար է, որի նպատակն է Թուրքիային բանտարկել իր սահմանների մեջ:
Նա նշել է, որ Թուրքիան այդ խաղը վիժեցրել է՝ նախ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության», ապա նաև Լիբիայի հետ պայմանագրեր ստորագրելով:
Թուրքիայի նախագահը հիշեցնելով Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ «Ծովային տարածքների սահմանագծման մասին փոխմբռման հուշագիրը», ասել է.
«Առանց Թուրքիայի և Լիբիայի թույլտվության՝ իրավական տեսանկյունից այլևս անհնար է երկու երկրների ծովային սահմաների միջև ընկած շրջանում հորատման և որոնողական աշխատանքներ իրականացնել: 2020թ. այս տարածքների համար արտոնագրեր կտրամադրենք և արագ տեմպերով որոնողական ու հորատման աշխատանքներ կսկսենք: Թուրքիան զորք է ուղարկում Լիբիա՝ այդ երկրի օրինական կառավարության տապալումը կանխելու և կայունություն ապահովելու համար: Թուրքիայի անվտանգությունը նրա տարածքներից դուրս է սկսվում և հենց այս գաղափարը նկատի ունենալով մենք կշարունակենք մոբիլիզացնել մեր բոլոր հնարավորությունները»: