Աջաբսանդալ է, հեռուստաընկերություններն առանց որևԷ նորմի հեռարձակվում են. ՀՌԱՀ նախագահ
«Մենք ունենք օրենք, որը որևէ ձևով չի կարգավորում իրավահարաբերությունները մեդիաոլորտում»,- աուդիովիզուալ մեդիածառայությունների ոլորտում օրենսդրական փոփոխությունների թեմայով ԱԺ լսումների ընթացքում նշեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով, «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը չի նպաստում հեռուստատեսության զարգացմանը. «Ամբողջ աշխարհում ավանդական մեդիան մնում է հասարակական կարծիքի վրա ամենասոսկալի ազդեցություն ունեցողը»։
Ըստ ՀՌԱՀ նախագահի, պետք է մշակվի նոր օրենք, որը խարսխված կլինի մի քանի սկզբունքների վրա։
Հակոբյանը նշում է, որ պետք է կարգավորվի ոչ թե հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը, այլ ընդհանրապես՝ տեսա-լսողական ծառայությունների ոլորտը։
«Ամբողջ աշխարհը տեխնիկական վերահսկողությունից անցում է կատարում բովանդակային վերահսկողության։ Այսօր մեդիալսողական ծառայություններ մատուցողները կարող են օգտվել տասնյակ հարթակներով, և վերահսկել միայն վերգետնյա հեռարձակողներին, մենք վերջիններիս դնում ենք շատ դժվար վիճակի մեջ։ Եվ հատկապես հեռուստատեսությունների զարգացումը Հայաստանում հապաղում է, որովհետև այլ տեսա-լսողական ծառայությունները ընդհանրապես չեն վերահսկվում՝ ազատ են և՛ բովանդակության մեջ, թե՛ լեզվական նորմերի խախտման մեջ»,- նշեց Հակոբյանը։
Հայաստանյան մեդիադաշտն այսօր ունի երկու սեգմենտ, որ պետք է կարգավորվի։ Դրանցից առաջինը, նրա խոսքով, հեռուստատեսությունների տեխնիկական լիցենզավորումն է, որը պետք է վերացվի. «Խիստ լիցենզավորման տակ պետք է լինեն միայն այն ուղիները, որոնցով տեսա-ձայնային ծառայությունները մատուցվում են։ Այսինքն՝ անում ես, ինչ ուզում ես, ազատ ես համացանցում և այն հարթակներում, որոք հեռուստատեսություն չեն համարվում։ Բայց երբ մտնում ես այդ դաշը՝ լինի արբանյակային հեռարձակում, լինի կաբելային ցանցերով թե տարբեր եթերներով, ապա դու պետք է ենթարկվես խիստ բովանդակային սահմանափակումների»։
Վերոնշյալ վերահսկողությունն առաջին հերթին վերաբերում է բովանդակային բազմազանության ապահովմանն ու հասարակությանը անկողմնակալ և օբյեկտիվ ինֆորմացիայի տրամադրմանը, որն այսօր, ըստ Հակոբյանի, Հայաստանում չի արվում։
«Մեր ամենամեծ խնդիրը հանրային մուլտիպլեքսն է, որի գործունեության հայեցակարգը Հայաստանում մշակված չէ։ Այն ստեղծվում է, որ երկրի բնակչությունը կարողանա անվճար ստանալ այն տեղեկատվությունը, որն իրեն կրթում, զվարճացնում և տեղեկացնում է։ Հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողները ենթարկվում են բովանդակային կոշտ ստանդարտների։ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ այդ ստանդարտները դեռևս մշակված չեն։ Եվ բնական է, երբ դրվում են այդպիսի ստանդարտներ, ոչ բոլոր հեռուստատեսությունները կարող են դրան համապատասխանել։ Եվ այդ պատճառով էլ բոլոր երկրներում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերությունների թիվը սահմանափակ է»,- նշեց Տիգրան Հակոբյանը։
Վերջինիս խոսքով, հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաընկերություններն ունեն համերկրյա սփռում։ Հայաստանում, ըստ Հակոբյանի, հակառակն է՝ ստեղծվել է աջաբսանդալ և բոլոր հեռուստաընկերությունները, առանց որևէ նորմի, հեռարձակվում են։