Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարից պահանջել են բացատրություն
Եվրոպայի հայկական միությունների ֆորումը տեղեկություն է տարածել այն մասին, որ դիմում-բողոք էր ներկայացրել Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարին՝ պահանջելով բացատրություն և պատասխան կատարված ազգայնամոլ քայլի շուրջ։ Մանրամասները ստորև.
«Երեկ տեղեկացրել էինք, որ ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Այվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին։ Այս առիթով ԵՀՄՖ նախագահությունը դիմում-բողոք էր ներկայացրել Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս Յոհախիմ Ֆրեյին՝ պահանջելով բացատրություն և պատասխան կատարված ազգայնամոլ քայլի շուրջ։
ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանն հանդես է եկել մեկ այլ պաշտոնական խիստ գրությամբ՝ ուղղված վերոնշյալ անձին, որի հայերեն և անգլերեն տարբերակներով ներկայացնում ենք ստորև։
«Սեմպեր Օպերա Բոլ»-ի գեղարվեստական ղեկավար
Պրն. Հանս-Յոահիմ Ֆրեյին, 15 հունվարի, 2020 թ.
Հարգելի պարոն,
Ես ինձ թույլ եմ տալիս ազատորեն դիմել Ձեզ հետևյալ խնդրով: Ես խիստ մտահոգված եմ Ձեր որոշմամբ՝ չեղյալ համարելու փետրվարի 7-ին Դրեզդենի Սեմպեր Օպերա Բոլում նախատեսված Ռուզան Մանթաշյանի կատարումը, որի գեղարվեստական ղեկավարն եք Դուք: Ձեր ներկայացրած բացատրությունն առ անսպասելիորեն այն չեղյալ հայտարարելը, ամենայն հարգանոք, համոզիչ չէ: Ակնհայտորեն դրա պատճառն այն է, որ դերասանական կազմի վերջին փոփոխության պատճառով, որի արդյունքում ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը, ով պետք է փոխարիներ ամերիկացի տենորին, հրաժարվել է ելույթ ունենալ տիկին Մանթաշյանի կողքին այն պատճառաբանությամբ, որ նա հայ է: Պրն. Էյվազովի պահվածքը ոչ միայն ռասիստական և ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ է, այլև խտրական է ռասայի և էթնիկ պատկանելության հիմքով և, հետևաբար՝ անօրինական: Դրանից հետևում է, որ եթե Սեմպեր Օպերա Բոլը համաձայնի փոխարինել տիկին Մանթաշյանին, ապա այն ոչ միայն թողտվություն է ցուցաբերում այդ անօրինական պահվածքի նկատմամբ, այլև մեղսակից է դրանում:
Մենք ևս մեկ անգամ խնդրում ենք համապատասխան բացատրություն՝ կապված դերասանական կազմի վերջին րոպեին կատարված փոփոխության պատճառի հետ, որով տիկին Մանթաշյանին, ով կատարելապես պատրաստ էր ելույթ ունենալու, տեղեկացվել է, որ նա այլևս չի կարող ելույթ ունենալ և փոխարինվում է մեկ այլ երգչով: Վավերական բացատրության բացակայության դեպքում մենք կքննարկենք հետագա գործողություններ ձեռնարկել՝ ներառյալ պատկան մարմիններին նախազգուշացնելով հնարավոր ապօրինի վարքագծի վերաբերյալ, ինչպես նաև ներառյալ, սակայն չսահմանափակվելով տիկին Մանթաշյանի գործունեության դադարեցման դիմաց ֆինանսական փոխհատուցմամբ:
Անհամբեր սպասում եմ Ձեր պատասխանին»,- գրված է հաղորդագրության մեջ: