
«Ժողովուրդ». Ինչ են քննարկել իշխանական կուսակցության և խմբակցության անդամները Զոհրաբ Մնացականյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը մոտ երկու ժամ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ փակ հանդիպումից: Մեր տեղեկություններով՝ նախարարի հետ հանդիպմանը այնքան էլ շատ պատգամավորներ չեն մասնակցել, որի համար ներկայացրել են պատճառներ: Բանն այն է, որ այդ հանդիպմանը գրեթե զուգահեռ Ազգային ժողովում տարբեր հանձնաժողովների նիստեր էին ընթանում, և պատգամավորները ժամանակային առումով չեն հասցրել գնալ ՔՊ գրասենյակ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումն ընթացել է ելույթ-հարցուպատասխան ձևաչափով: Սկզբում նախարարը ներածական ելույթով է հանդես եկել, այնուհետև սկսվել է հարցուպատասխան, որը շատ ակտիվ չի եղել: Պատգամավորները հիմնականում լսողի դերում են եղել. դիվանագիտական պատասխաններ են հնչել՝ երկար ու ոչ շատ բովանդակային: Պատգամավորներից հարցեր են հնչեցրել Լիլիթ Մակունցն ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև վաղը՝ հունվարի 18-ին կայանալիք ՀՀ և Արցախի խորհրդարանականների հանդիպմանը: Այդ օրը լայն հանդիպում կլինի՝ Հայաստան-Արցախ ձևաչափով, որի հիմնական թեման լինելու է 1990 թվականին տեղի ունեցած Բաքվի հայկական ջարդերը: Մեր տեղեկություններով՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում ցանկություն կա Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածել՝ դատապարտելով կատարվածը և աշխարհի ուշադրությունն այդ հարցի վրա ևս մեկ անգամ սևեռելով: Մեր տեղեկություններով՝ հայտարարության տեքստն արդեն պատրաստ է. վերջնական, դետալային հստակեցումները կլինեն այսօր կամ վաղը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին