Ալեն Սիմոնյանը՝ Կուտոյանի մահվան մասին. Վստահ եմ՝ մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները
«Ինձ և իմ գործընկերներին ապշահար արեց այս լուրը։ Անկեղծ ասած լուրը նոր է և ավելի խորը մեկնաբանություն չեմ կարող անել, տեղեկություններս այնքանով է, որքանով մամուլից տեղեկացել եմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան լուրին։
Նա ցավակցության հայտնեց Կուտոյանի բարեկամներին, հարազատներին:
«Չգիտեմ՝ ինչ ասեմ։ Վստահ եմ, որ շատ շուտով, մոտ ապագայում կիմանանք այս ամենի մանրամասները։ Ապշած եմ»,-ասաց Ա. Սիմոնյանը։
Հարցին, թե Գեորգի Կուտոյանն ԱԱԾ նախկին ղեկավարն էր և տիրապետում էր որոշակի ինֆորմացիայի, արդյո՞ք այս շրջանում նման դեպքը համարում եք զուտ պատահականություն, թե չեք բացառում, որ կարող է այլ հարցեր եղած լինեն, ԱԺ փոխնախագահն ասաց. «Խոսքը վերաբերում է մարդու կյանքին և անկախ նրանից, թե ինչ պաշտոն է զբաղեցրել, չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնքան մեծ բեռ է կրել, որ այդ բեռը... Չգիտեմ՝ ինքնասպանությունը կամ սպանությունը դրանք տարբեր մեկնաբանությունների և տարբեր հետևությունների առիթ են։ Եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կասի նախաքննական մարմինը և ինչն է պատճառը եղել»:
Պատասխանելով հարցին՝ նախկին ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի հետ կատարված այս դեպքերն իշխանությանն ահազա՞նգ է, Ա. Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ՝ սա նախկինի արձագանք կարելի է համարել, արձագանքն է, որ մինչ օրս հնչում է և մեկ-մեկ մեր ականջին հասնում է նման ձևերով։ Ցավալի արձագանք է։ Կարծում եմ՝ հետևություններ պետք է անենք։ Ինձ մեկ-մեկ թվում է, որ ինչ-որ բացասական գործընթաց է տեղի ունենում։ Շատ ցավում եմ, որ այդ գործընթացը մարդկանց կյանքեր է արժանանում: Խոսքն ավելի հուզական, ավելի շատ էմոցիոնալ բանի մասին, քան ինչ-որ կոնկրետ կազմակերպված և պլանավորած: Սա իմ կարծիքն է, իմ առաջին տպավորությունն է»:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:
Հարակից հրապարակումներ`
- Լրատվամիջոցները և սոցցանցերը՝ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով
- Արթուր Մելիքյան. Երբ մենք հասանք, դեպքի վայրում էին Կուտոյանի կինն ու հայրը
- ՔԿ. Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով