Անդրեա Վիկտորին․ ԵՄ-ն ուշադիր հետևում է, բայց ընթացող գործընթացները չի մեկնաբանում
«Եվրոպական միությունը, միջազգային այլ կառույցների նման, ուշադիր հետևում է Հայաստանում զարգացումների ընթացքին, սակայն ընթացքի մեջ գտնվող գործերը մենք չենք մեկնաբանում։ Մեկ բան, որ կարծում եմ կարևոր է․ տեղյակ եք, որ արդարադատության նախարարությունը սերտ շփումների մեջ է միջազգային կառույցների, այդ թվում նաև Եվրոպայի խորհրդի հետ»,- լրագրողներին այսօր ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Ազատազրկման վայրերում խնդիրները և ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման մեխանիզմին նվիրված քննարկման շրջանակում ճեպազրույցի ժամանակ։
Հարցին, որ նախկինում ԵՄ դեսպանությունը ներքին քաղաքական գործընթացների վերաբերյալ մտահոգություններ հայտնում էր, ինչու այժմ չի արվում, Վիկտորինը պատասխանեց, թե չի կարող մեկնաբանել նախորդներին։
«Ես խիստ կզարմանայի, եթե այդպիսի բան տեղի ունենար և կոնկրետ ընթացող գործով տեղի ունենար միջամտություն։ Սակայն, ավելի արդիական մեկ բան ասեմ, մենք տեսնում ենք, որ դատական համակարգի բարեփոխումների ուղղությամբ գործադրվում են էական ջանքեր, որին մենք սատարում ենք, և դա է մեզ համար կարևոր»,-ասաց ԵՄ դեսպանը։
Սահմանադրական դատարանի, դատավորների վաղ կենսաթոշակի հետ կապված հարցերի հետ կապված Վիկտորինն ասաց, որ բոլոր այդ բաղադրիչների մշակման փուլում են, և դատական համակարգի այսպես կոչված ստուգման գործընթացի ընթացքին են հետևում։ Դեսպանը նշեց, որ հաջորդ շաբաթ պատվիրակություն է ժամանելու Հայաստան, որը մանրամասնորեն կանդրադառնա այդ առաջընթացին։
Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը ճանաչում է ավելի քան 10 տարի, նույնիսկ մարդու իրավունքների առաջին պաշտպանի հետ է աշխատել , և հիմա մարդու իրավունքների պաշտպանության բարելավման ուղղությամբ, մասնավորապես, խոշտանգման և արգելված վերաբերմունքի կանխարգելման ուղղութամբ լուրջ ջանքեր են տեղի ունենում, համագործակցություն կա նաև միջազգային կառույցների հետ։
Ազատազրկման վայրերում խնդիրներից դեսպանը նշեց, որ եթե անձը զրկված է ազատությունից, ապա առաջին հերթին կարևորագույն իրավունքներից մեկը արժանապատիվ պայմանների ապահովումն է, երկրորդը՝ փաստաբանի հետ տեսակցելու հնարավորությունը, ապա բժշկին տեսակցելը։
«Այս ամենի վերաբերյալ կան չափանիշներ՝ միջազգային ու տեղական, ու կարևոր է դրանց պահպանումը։ Այս գործընթացում շատ կարևոր է քաղհասարակության ու մեդիայի դերը»,-ասաց դեսպանը։