ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան․Հայկական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ ԽՎ հավասարակշռված և տարբերակված մոտեցումը
Հունվարի 16-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ի պատասխան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ջորջ Ծերետելիի ելույթին։
Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից, ողջունելով ԵԱՀԿ ԽՎ նախագահին՝ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմ է արտահայտվել ԵԱՀԿ տարբեր կառույցների, ներառյալ՝ Խորհրդարանական վեհաժողովի, միջև համակարգման և երկխոսության առավել ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը։
Ելույթի հիմնական շեշտադրումներն էին.
1. ԵԱՀԿ ԽՎ-ն շարունակում է մնալ երկխոսության կարևոր հարթակ ԵԱՀԿ մասնակից երկրների խորհրդարանականների միջև։
2. Ծերետելիի վերջերս կատարած այցը Հայաստան լավ հնարավորություն էր Հաաստանի կառավարության հետ առկա երկխոսության ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի Ազգային Ժողովի և ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության հետ համագործակցության ուղիների նախանշման համար։
3. Այցը նաև պատեհ առիթ էր ևս մեկ անգամ գոհունակություն և աջակցություն հայտնել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում ընդգծվել էր խաղաղությանը նպաստող մթնոլորտի կարևորությունը, անդրադարձ էր արվել հակամարտության բոլոր կողմերի միջև վստահության ձևավորման վերջին շրջանի համեստ սակայն դրական օրինակները։
4. Հայկական կողմը բարձր է գնահատում ԵԱՀԿ ԽՎ հավասարակշռված և տարբերակված մոտեցումը ԵԱՀԿ տարածաշրջանում տարբեր հակամարտությունների և ճգնաժամերի առնչությամբ։ Այս առումով հիշատակվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Լյուքսեմբուրգում ԽՎ տարեկան նստաշրջանի ժամանակ ընդունված հռչակագիրը, որում ԵԱՀԿ խորհրդարականները կոչ են անում քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, ներառյալ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա։
5. Հայաստանը պատրաստ է էլ ավելի ամրապնդել իր համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ հետ և իր ներդրումն ունենալ ԵԱՀԿ տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացներին, այդ թվում ներկայացնելով ժողովրդավարական անցման իր ազգային փորձը։
Ելույթը (անգլերեն) հասանելի է ետևյալ հղումով