ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը հյուրընկալվել են Մայակովսկի գյուղում ապրող Մուրադյանների ընտանիքում՝ հաշվետու այցով
Որևէ ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում կարևոր տեղ է զբաղեցնում արդյունքի գնահատումը: Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության խնդիր լուծող գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», տարիներ շարունակ առաջնորդվել են այդ սկզբունքով:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից նշում են՝ մոտեցումները չեն փոխվել. կազմակերպությունների ղեկավարները ձգտում են շրջայցով լինել բոլոր այն գյուղերում, որտեղ 2019 թվականին շինարարություն է իրականացվել և բնակարանամուտ է նշվում: Որևէ մեկին չանտեսելու ձգտումը կարևոր է լիարժեք պատկեր ստանալու և այն հասարակությանը ներկայացնելու առումով: Դրանք նպաստում են նաև գործունեության արդյունավետության բարձրացմանն ու տանտերերի իրական գնահատականը պատկերացնելուն:
2020 թվականի առաջին շրջայցը մեկնարկել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղից: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու թիմերը Մուրադյանների ընտանիքում հյուրընկալվել են երկրորդ անգամ: Առաջին հանդիպումը եղել է 2019 թվականի ամռանը՝ կամավորության սկզբունքով շինարարություն իրականացնելու նպատակով: Հերթական հանդիպման առիթը նոր բնակարանում Նոր տարին առաջին անգամ սեփական հարկի տակ նշած ընտանիքի զգացողությունը գնահատելն է եղել:
Ավելի քան տասը տարի տնից տուն տեղափոխված ու վարձակալությամբ բնակված Մուրադյանները վերջապես իրենց սեփականն ունեն և գոհ են. նոր տունը կյանքին նոր որակ է ապահովել: Փոխվել է նրանց առօրյան, կենցաղային խնդիրներն ավելի տանելի են դարձել, իսկ գարնանը սպասում են նոր մանկան ծնունդի:
«Երկար սպասված տուն էր։ Անչափ երջանիկ եմ, որ վերջապես մեր ընտանիքն էլ ունի բարեկեցիկ պայմաններով ապահովված տուն։ Ցանկանում եմ, որ բոլորն զգան այս երջանկությունը։ Սա մեծ երազանքի իրականացում էր», - ասել է Պետրոսը՝ ընտանիքի երիտասարդ հայրը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, 2019թ.-ին լուծվել է Հայաստանի 10 մարզում բնակվող 46 ընտանիքի բնակարանային խնդիր։ Տարիների համագործակցության արդյունքում աջակցություն է ստացել 208 ընտանիք, որից 13-ը՝ Կոտայքի մարզում:
«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ միշտ չէ, որ հաջողվում է այցելել բոլորին, բայց մենք ձգտում ենք հնարավորին անել դա: Տարիների փորձը ցույց է տվել, որ քայլը շատ կարևոր է՝ երկար ճանապարհ անցնելու համար: Տանտերերի հետ անմիջական շփումն ու արված աշխատանքի նկատմամբ նրանց վերջնական գնահատականն օգնում են ստանալ շատ օբյեկտիվ պատկեր և առավել արդյունավետ դարձնել հետագա քայլերը: Սա նաև հաշվետվություն ներկայացնելու լավ միջոց է, որն արտահայտվում է և՛ թվերի, և՛ կյանքի՝ նոր որակի ձևով: Բոլորս էլ կարող ենք ունենալ տարբեր խնդիրներ և տարիների ընթացքում գուցե նաև լուծել դրանք, բայց երբ զգում ենք, որ մենակ չենք, առավել վստահ ենք հաղթահարում դրանք: Վերականգնված հավատն ամենակարևորն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արդեն երկար տարիներ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ աջակցում ենք կարիքավոր ընտանիքներին՝ հարմարավետ, արժանապատիվ պայմաններով ապահովված տուն ունենալու հարցում։ Մեր օգնությանբ, ինչպես նաև ընտանիքի ձգտման և աշխատասիրության շնորհիվ, այս երիտասարդ ընտանիքն արդեն ունի սեփական տուն։ Պետրոսի որդին ստիպված չի լինի անցնելու այն դժվարություններով, ինչով անցել է հայրը։ Նա կունենա անհոգ մանկութուն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը տոնում է իր տասնամյակը
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» ամանորյա նվեր են մատուցել 42 ընտանիքի
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Լոռու մարզում բնակարանի տեր է դարձել 20 ընտանիք
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Գեղարքունիքի մարզում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում
- Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան