«Ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը». Լենա Նազարյանի գրառումն ու մեկնաբանությունները
Քիչ առաջ ավարտվեց վարչապետի հանդիպումը «Իմ քայլը» ԱԺ խմբակցության պատգամավորների հետ։ Խոսակցության կարևոր շեշտադրումները վերաբերում էին քաղաքակրթական հարցերին և այդ համատեքստում իմ լրացումն եմ ցանկանում անել։ Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Նկատե՞լ եք վարչապետի դեմ ուղղված արշավում ամենաչհանդուրժվողը նրա ընտանիքի հանրային լինելու խիզախումն է։ Հակակառավարական ուժերի կողմից հնչում են նյարդային կոչեր, որ վարչապետը հետ պահի իր ընտանիքը հանրային գործունեությունից, որ նրանք զերծ մնան «անհարկի» կարծիք հայնտնելուց ու առհասարակ չմիջամտեն հանրային կյանքին։
Ուղիղ չի ասվում, բայց խոսքերի տողատակերում կա մերժողականություն նաև շատ մարդկային, անձնական դրսևորումների նկատմամբ. թիրախավորվում է ամուսնու կողմից կնոջ հանրային գործունեության խրախուսումը, միմյանց կարծիքը լսելու ու ազատորեն արտահայտվելու ընտանեկան ժողովրդավարությունը, իր ընտանիքի հանդեպ անթաքույց սիրո արտահայտումներն ու կապվածությունը, ընդհուպ մինչև խոտերի վրա պառկած քնելն ու Դիլիջանի ճանապարհին եգիպտացորեն ուտելը։ Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս ընտանիքի հրապարկային լինելը, միմյանց հանդեպ հոգածության ու սիրո դրսևորումները, պարզ կյանքի նախընտրությունները, որոնք հասանելի են Հայաստանում ապրող գրեթե յուրաքանչյուր ընտանիքի համար, թիրախավորվում։ Ակնհայտ է, որ որոշակի կոնտեքստներում այնպիսի անձնական նախընտրություններ, ինչպիսիք են՝ օրինակ որ երկրի արտադրության հագուստ կրել, որտեղ հանգստանալ, ինչպես տոնել Ամանորը, ում հյուր գնալ, ինչ գիրք կարդալ և ինչ ժամացույց կրել, կարող են դառնալ չափազանց քաղաքական հարցեր և հատկապես՝ քաղաքական շահարկման հարցեր։ Եվ, ահա, երբ քաղաքական ու հանրային հետաքրքրություն առաջացնող ընտանիքը չի թաքցնում, ի ցույց է դնում իր անձնական ընտրությունները, քաղաքական շահարկման բազում թեմաներ ցելոֆանե փուչիկի պես պայթում են։ Եվ սա, իհարկե, մեծ քարկապ է այն շրջանակների համար, որոնք առիթ են փնտրում խարխլելու վարչապետի հանդեպ մարդկային վստահությունը, նրա հեղինակությունը։ Դրա համար էլ հնչում են զսպվածության ջղային կոչեր, որպեսզի հնարավոր լինի վարչապետի ընտանիքի ճոխ հագուստի ու հանգստի մասին միֆերն անխափան շրջանառել, օտարացնել մարդկանց, թունավորել մեր վստահությունն առ այն, որ վարչապետը մեզանից մեկն է։ Ասեմ, որ ինձ հիացնում է, երբ ամուսինը հպարտանում է իր արժանի կնոջով, անչափ հուզում է, երբ անթաքույց արտահայտում է իր սերը երեխաների՝ հատկապես դուստրերի հանդեպ ու ոգևորում է, երբ դա արվում է պարզ, անմիջական ու թափանցիկ. աչքի առաջ և օրինակ բոլորիս։ Թեև մարդկային ու հավասար հարաբերությունները պարզապես նրանց ապրելակերպն է, բայց քաղաքական մշակույթի, քաղաքակրթական իմաստով սա հեղափոխական է։
Այնտեղ, որտեղ հնչում են «աղջիկ ջան, մի խառնվիր» ու «մեծերի խաղեր» գաղափարները, այնտեղ, որտեղ խեղդող է անհավասարության, երիտասարդ կանանց իրենց տեղը ցույց տալու մտածողությունը, ինձ համար էլ ավելի թանկ է վարչապետի դստեր կողմից մտքի ազատ ինքնարտահայտումը, կնոջ նվիրված հանրային գործունեությունը։ Վարչապետի կարգավիճակը ժամանակավոր է, սակայն վարչապետի ընտանիքի այս պարզ, հավասար ու մարդկային կենսակերպի քաղաքական ազդեցությունը, վստահ եմ մեզանում շարունակական է լինելու։ Հա, նաև սրա համար ենք հեղափոխություն արել, քաղաքակրթական հեղափոխություն»,-շարունակել է նա։
Օգտատերը ուշագրավ մեկնաբանություններ են թողել։
• Հայկ Դերզյան
Տիկին Նազարյան, առաջին տարին չեք քաղաքականության մեջ, միամիտ կլինի մտածել, որ չգիտեք, որ քաղաքական ակտիվություն դրսևորող մարդիկ, առավել ևս, եթե խոսքը գնում ա վարչապետի ընտանիքի մասին, պետք է պատրաստ լինեն ստանալ այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց պատասխան: Վիրավորանքն ու ատելությունը այս պահին դնենք մի կողմ, այն առավել շատ իշխող քաղաքական ուժի համախոհների ու անդամների կողմից է ուղղված այլ կարծիք ունեցող մարդկանց ու ցանկացած կողմից ընդունելի չէ, լինի ընդդիմություն թե իշխանություն: Հիմա եթե քննադատում են ուրեմը չե՞ն հանդուրժում: Անձամբ ես այն կարծիքին եմ, որ վարչապետի ավագ դստեր գրառումներին ուղղված բազմաթիվ արձագանքներ շատ տեղին են, ճիշտ է, իշխանության որոշ քարոզչական սոխակներ փորձում են այն ներկայացնել-երեխայա, բան մի ասեք- սկզբունքով, բայց դա այդպես չէ: 2018 թվականին չմոռանանք, թե որքան տուժեցին քաղաքականապես պասիվ ընտանիքներ, ինչերի միջով անցան... պետք չի վարչապետի ընտանիքը բոլորից վեր դասել միայն նրա համար, որ վարչապետի ընտանիքն ա... Ձեզ էլ սրտանց խորհուրդ կտամ առավել շատ հետևել տարատեսակ նյուզերի մեկնաբանություններին: Կտեսնենք, թե ինչպես և ինչ սկզբունքով են չակերտավոր ասած հիշատակում այլախոհների ընտանիքներին: Սա էլ իմ երկրի հակառակ կողմն է
•
Armen Avetisyan
Հարգելի Լենա Նազարյան ջան, չեք կարծում արդյոք, որ շատերին այդ ամենը հետաքրքիր չէ ի սկզբանե, եվ միայն տարատեսակ ու բազմազան կերպարով ներկայացնելուց, հրապարակվելուց հետո է միայն դառնում խոսալու առիթներ։ Միգուցե ավելի կարեվորի մասին լինեն իմ կողմից հարգելիներիդ քննարկումները։ Շնորհակալություն։
•
Armen Khachatryan
Էստեղ կարծում եմ սեռերի խնդի չկա, կնոջ ազատություն և այլն։ Հեղափոխությունը արվել է, որպեսզի պետությանը նվիրված ուժերը համախմբվեն, հաստատեն արդարություն և նվիրվեն երկրի կառուցմանը, իսկ սրա փոխարեն ընկած ենք այս ճղճիմ խոսակցությունների մեջ։ Ընտրություններին բան չմնաց, մտածեք ինչ եք report անելու ժողովրդին։