ՀՀ-ում ԵՄ դեսպան․ Դուք չեք ունենա մարդու իրավունքներ, եթե չկա օրենքի գերակայություն
Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին կարևոր է քաղաքական կամքը, ասում է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Քաղաքական կամքը հիմա առկա է և մնում է այն իրագործել, որի ճանապարհին ԵՄ-ն ու ՄԱԿ-ը պատրաստակամ են օժանդակել։ Մնում է այդ բարեփոխումները քայլ առ քայլ իրագործել։ Մենք հաստատում ենք բարեփոխումներին աջակցելու մեր պատրաստակամությունը»,- լրագրողներին այսօր ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ Ազատազրկման վայրերում խնդիրները և ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման մեխանիզմին նվիրված քննարկման շրջանակում ճեպազրույցի ժամանակ։
Անդրեա Վիկտորինը նշեց, որ ԵՄ-ն սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի հետ՝ հանուն կայուն զարգացման նպատակների իրագործման և հայտնի 16-րդ ԿԶՆ-ն հենց այդ նպատակն է, որում ջանքերը համադրվում են։
Հայաստանում մարդու իրավունքների վիճակին ու վերջին 1,5 տարում ՀՀ կառավարության աշխատանքի վերաբերյալ հարցին ի պատասխան դեսպանն ասաց․ «Ես համեմատելու բան ունեմ»։
«Իրավիճակը բարելավվել է, սակայն ընդգծեմ, որ բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք անհրաժեշտ է իրականացնել։ Դուք չեք ունենա մարդու իրավունքներ, եթե չկա օրենքի գերակայություն։ Ես այստեղ եմ 4 ամիս, սակայն իսկապես տպավորված եմ դատական բարեփոխումների ուղղությամբ ջանքերով, և այս գործընթացում ԵՄ-ն կարևոր գործընկեր է լինելու»,-ասաց դեսպանը, նշելով, որ դեկտեմբերին Բրյուսելում Գործընկերության հանձնաժողովի նիստում ԵՄ-ն ու ՀՀ-ն համակարծիք են, որ առաջընթաց է արձանագրվում, ինչը, սակայն, չի նշանակում, որ պետք է կանգ առնել, ամեն ինչ կվերջնականացվի վաղը, այլ պետք է լինի շարունակական։
Դեսպանը տպավորված է նաև կառավարության կողմից բարեփոխումների, հիմա նաև հակակոռուպցիոն ռազմավարության ուղղությամբ գործադրվող ջանքերով։