Ճապոնացիների 80 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը
Ճապոնացիների ավելի քան 80 տոկոսը կողմ են արտահայտվել երկրում մահապատժի պահպանմանը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, նման հետազտության տվյալներ է հրապարակել կառավարությունը:
Հարցվածների 80,8 տոկոսը կողմ է մահապատժի պահպանմանը, 9 տոկոսը՝ դեմ: 56,6 տոկոսը կարծում է, որ մահապատժի վերացման դեպքում տուժածների ու նրանց ընտանիքների զգացմունքները հանգիստ չեն գտնի, 53,6 տոկսոն ասել են, որ հատկապես վտանգավոր ու զազրելի հանցագործությունների դեպքում հանցագործը պետք է հատուցի կյանքով:
Միաժամանակ 39,9 տոկոսը համաձայն են ապագայում հրաժարվել մահապատժից, եթե փոխվեն հանգամանքները: Ավելի քան 58 տոկոսը մտահոգվում են, որ մահապատժի վերացման դեպքում կաճի հատկապես ծանր հանցագործությունների թիվը:
Ճապոնիայում մահապատիժն իրականացվում է կախաղանի միջոցով: Ներկայումս մահապատժի է սպասում շուրջ 100 դատապարտյալ: Տարեկան մահապատժի է ենթարկվում մի քանի հոգի, մյուսները տարիներով սպասում են իրենց դատավճռի իրականացմանը: