Հայտարարություն. Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները
Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ Աժ-ում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը, որին մասնակցեցին երկու հանրապետությունների խորհրդարանների պատգամավորներ, հյուրեր, այդ դեպքերը վերապրածներ: Հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն:
Հայտարարությունում ասվում է.
«1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:
Հայերի զանգվածային կոտորածը Բաքվում արդյունք է դեռևս 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարական ծայրահեղական ուժերի և հետագայում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված և ցայսօր շարունակվող հայերի նկատմամբ ռասայական խտրականության լայնածավալ քաղաքականության, որը հանգեցրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայ ազգաբնակչության կտրուկ նվազմանը, իսկ 1980-ական թվականների ավարտին նոր թափ առնելով՝ կենսական վտանգի արդյունքում Բաքվի և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերի հայ բնակչության վերացմանը:
Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից,
Ընդգծելով, որ Ադրբեջանում մինչ օրս շարունակվող պաշտոնական հայատյաց քաղաքականությունը և դրա համատեքստում իրականացված այս և այլ հանցագործությունները (Սումգայիթի և Կիրովաբադի ջարդեր, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Մարաղայի գյուղի հայ բնակչության կոտորած, 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված ռազմական գործողություններ Արցախի քաղաքացիական բնակչության և գերեվարված զինծառայողների նկատմամբ), հայկական մշակութային ժառանգության հետևողական վերացումը, ինչպես նաև Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքների հայաթափումը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ առկա է իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերին և նրանց գոյության բոլոր հետքերը բնաջնջելու մտադրություն,
Հիմք ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայում (9 դեկտեմբերի 1948 թ.), Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (10 դեկտեմբերի, 1948 թ.), Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում (21 դեկտեմբերի, 1965 թ.), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում (16 դեկտեմբերի 1966 թ.) և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, որոնք նաև ամրագրված են բոլոր ժողովրդավարական պետությունների ներպետական օրենսդրություններում,
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը ս.թ. հունվարի 18-ի համատեղ նիստի արդյունքներով՝
Ոգեկոչում է 30 տարի առաջ Բաքվում զոհված մեր հայրենակիցների հիշատակը և բարձրաձայնում հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը և արդիականությունը,
Դատապարտում է Ադրբեջանական Հանրապետությունում շարունակվող պետական հայատյաց քաղաքականությունը,
Անընդունելի է համարում այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսեւորում,
Վերահաստատում է, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ընդգծում, որ անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն գրավականն է,
Կոչ է անում խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին`
- դատապարտել Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար,
-գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ,
Վերահաստատում է, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման և դրանց զոհերին և իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը պետք է պատասխանատվություն ստանձնի հայատյացության քաղաքականության համար
- Թաթոյան. Ադրբեջանը ՀՀ սահմանամերձ գյուղերի գնդակոծումն իրականցնում է այնպիսի եղանակով ու ժամերի, որ առավելագույն վնաս հասցվի
- Մարինա Գրիգորյան. Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը
- Միրզոյան. Հակահայ քաղաքականության դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի սուվերենության ներքո
- Ալյոշա Գաբրիելյան. Չմտածենք այն տարածքները հանձնելու մասին, որոնք այսօր մերն են
- Սասուն Միքայելյան. Մարաղայից մի կնոջ բերեցին հիվանդանոց, որին ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել
- Արցախի խորհրդարանի պատգամավոր. Հաճախ են հարցնում՝ ո՞րն էր Արցախյան պատերազմի և հաղթանակի ֆենոմենը
- Ղուլյան. Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան