Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը չինական Սյամին քաղաքում կազմակերպել է ֆլեշմոբ
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 2020 թվականը դիմավորել է Չինաստանում, որն այսօր դասական կատարողական արվեստի կարևորագույն կենտրոններից է: ՀԱՖՆ-ը երբևէ Չինաստան այցելած ամենամեծ հայկական պատվիրակությունն է: Ազգային ֆիլհարմոնիկը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, Չինաստանի ինը կարևորագույն քաղաքներում հանդես է եկել տաս համերգով: Նրանց ծափահարություններն են դիմավորել Շանհայի Մեծ թատրոնից մինչև Պեկինի արվեստների ազգային կենտրոն: Այս մասին հայտնում են ՀԱՖՆ մամուլի ծառայությունից:
«Հյուրախաղերը շատ մեծ քայլ էին նվագախումբը հսկայական չինական մշակութային դաշտում ներկայացնելու գործում, այն էլ այսպիսի ծավալուն համերգային ծրագրով: Հիմնականում հանդես եկանք սիմֆոնիկ ստեղծագործություններով, ինչը մեծ պատասխանատվություն էր նվագախմբի համար, բայց և հնարավորություն՝ ցույց տալու նվագախմբի երաժիշտների բարձր որակն ու պատրաստվածությունը: Տաս համերգներից միայն չորսում մեզ միացավ չինացի կլարնետահար Թոնի Շենը, որի հետ կատարցինք Մոցարտի Կլարնետի կոնցերտը»,- ասել է Էդուարդ Թոփչյանը:
Համերգային ծրագրի զարդը մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» և «Սպարտակ»-սյուիտներն էին, հնչել է նաև Չայկովսկու «Շչելկունչիկ», Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետներից հատվածներ, Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» աիմֆոնիկ սյուիտը, Չայկովսկու թիվ 5 սիմֆոնիան:
ՀԱՖՆ-ի հյուրախաղերին բուռն կերպով արձագանքել է նաև չինական մամուլը, մասնավորապես Chinadaly, Chinanews, China.org.cn, Sohu.com, Xinhuanet պարբերականները: Պեկինում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱՖՆ-ի հյուրախաղերի կազմակերպիչներից Ռեյ Արմսթրոնգը խոստովանել է. «Հայաստանն ունի հիանալի դասական կոմպոզիտորներ, որոնց երաժշտությունը ողողված է ազգային կոլորիտով: Իսկ այս նվագախումբը (ՀԱՖՆ-ը) այսօր Արևելյան Եվրոպայի լավագույն նվագախմբերից է: Ես մեծ ոգևորությամբ կնպաստեմ հայկական նոր նախագծերի ներկայացմանը Չինաստանում, ինչպես նաև չինական մշակույթի ներկայացմանը Հայաստանում»:
ՀԱՖՆ-ի լարային խմբի և ֆլեյտաների խմբի երաժիշտները Սյամին քաղաքի կենտրոնում կազմակերպել են ֆլեշմոբ. նրանք կատարել են Խաչատրյանի «Դիմակահանդեսից» մի հատված: Ֆլեշմոբին մեծ ոգևորությամբ արձագանքել են անցորդները, ովքեր արագ շրջապատել են երաժիշտներին և սկսել տեսագրել կատարումը:
Համերգային այս խիտ ժամանակացույցի հետ մեկտեղ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Կարմեն Թոսունյանը ժամանակ հատկացրել են նաև երիտասարդ երաժիշտներին՝ հանդես գալով վարպետության դասերով:
Հյուրախաղերի եզրափակիչ համերգը կայացել է հունվարի 9-ին Պեկինի արվեստների ազգային կենտրոնում: ՀԱՖՆ-ի այս համերգին կհաջորդի 2020թ.-ին Չինաստանում Հայաստանի մշակութային օրերի միջոցառումների շարքը:
«Հյուրախաղերի այս տասնհինգ օրերի ընթացքում դուք մեծ ներդրում կատարեցիք հայ-չինական մշակութային հարաբերությունների զարգացման գործում»,- ասել է Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Մանասարյանը:
ՀԱՖՆ-ի Չինաստանի հյուրախաղերը կայացել են Armstrong International Music (Չինաստան) և Wright Music Management (Անգլիա) գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ-ում Չինաստանի և Չինաստանում ՀՀ դեսպանությունների և ՀՀ արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա