Օձունցի Եզեկի` Վրաստանից գնած սեղանը Բագրատաշենում մաքսազերծելուց հետո գրեթե կրկնակի արժեցավ
«Հետք»-ը գրում է.
«Օձուն գյուղի բնակիչ Եզեկ Աղվանյանը դեկտեմբերի 28-ին Բագրատաշենի անցակետում 5 ժամ՝ 14:00-ից մինչև 19:00-ի սահմանները, մաքսային տեսուչների կողմից «պատանդ է պահվել»՝ Վրաստանի Մառնեուլ վարչական կենտրոնի կահույքի մի խանութից իր ընտանիքի օգտագործման համար գնած նիկելապատ, երեսամասը ապակյա սեղանի մաքսատուրքի և հարկերի վճարների պատճառով:
Եզեկը իր ընտանիքի համար էժան սեղան գնելու համար է գնացել Վրաստան: Նա սեղանը ներմուծելու ԵՏՀ-ի N107 որոշումով թույլատրված 500 եվրոյին համարժեք գումարը չի գերազանցել, սակայն թույլատրելի 25 կգ քաշը գերազանցել է 14 կգ-ով:
Անցակետում սեղանի նկատմամբ մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ է կիրառվել ոչ թե սեղանի կշիռը գերազանցող 14 կգ-ի նկատմամբ, այլ սեղանի ամբողջ՝ 39 կգ քաշի նկատմամբ: (Անցակետում մեզ բացատրեցին, թե սեղանը անբաժանելի է, այդ պատճառով իրավունք չունեն քաշը մասնատել)։ Այդ դեպքում Եզեկը զրկվել է անցակետով մինչև 25 կգ ապրանք ներմուծելու իրավունքից:
Սեղանի 39 կգ մաքուր քաշի նկատմամբ կիրառված 61 750 դրամ միասնական դրույքաչափից անցակետում գանձել են 8 տոկոս՝ 4940 դրամ մաքսատուրք, 0,05 տոկոս բնապահպանական հարկ՝ 1041 դրամ, իսկ հարկման հիմք հանդիսացող մեկ այլ՝ 67 731 դրամից սահմանվել է 20 տոկոս՝ 13 հազար 546 դրամ ավելացված արժեքի հարկ: Մաքսազերծման հետ կապված բոլոր վճարումները միասին կազմել է 31 հազար դրամ։ 2000 դրամ էլ ճանապարհածախսն է եղել։ Այդպիսով, սեղանը Եզեկի վրա արժեցել է 90 հազար դրամի չափ։
Մառնեուլի խանութում սեղանի արժեքը 57 հազար դրամին համարժեք լարի է եղել, սակայն վրացի վաճառողը նախատոնական զեղչ է արել, և սեղանը հայ գնորդին վաճառել է 52 հազար դրամին համարժեք 311,64 լարիով:
Ե.Աղվանյանը խանութից վերցրել է սեղանի արժեքի կտրոնը, 15 հազար դրամ էլ գրպանում պահել է անցակետում մաքսատուրք և հարկ վճարելու համար: Մաքսային տեսուչն անցակետում նրան բացատրել է, որ ներմուծվող իր սեղանը Հայաստանում թանկ արժե, այդ պատճառով մաքսատուրք և հարկ է վճարելու Հայաստանում վաճառվող սեղանի 100 հազար դրամին համապատասխան:
Մաքսային տեսուչը կշռել է սեղանը, կազմել է արձանագրություն և հայտարարագիր կազմելու համար Ե. Աղվանյանին ուղարկել է մաքսատան տարածքից դուրս գտնվող «Ալյանս կոնսալտինգ» ՍՊԸ: Վերջինիս բրոքերը հայտարարագրի վրա մի քանի թվային փաստեր գրանցելու համար Աղվանյանից գանձել է 5 հազար դրամ միջնորդավճար:
«Մենք Եզեկ Աղվանյանի հայտարարագիրը կազմել ենք մաքսային տեսուչի կազմած արձանագրության հիման վրա և պատասխանատվություն չենք կրում սահմանված մաքսատուրքերի և հարկերի կիրառած դրույքաչափերի համար»,- բացատրեց ընկերության տնօրեն Արամ Գիգոյանը:
Անցակետում մաքսավորները Ե. Աղվանյանից պահանջել են վճարել 25 հազար դրամ մաքսատուրք և հարկերը: Եզեկը բացատրել է, որ ձեռքին այդքան գումար չունի, նա հայտարարագիրը գրելուց առաջ մաքսավորներին խնդրել է թույլ տալ սեղանը հետ վերադարձնել Մառնեուլի կահույքի խանութ: Անցակետում թույլ չեն տվել. «Ինձ գերի վերցրին: Այնպիսի տպավորություն ստացա, որ մաքսատանը հենց ինձ նման մարդու էին սպասում: Չտվեցին փաստաթղթերս, ասացին՝ոչ պետք է ապրանքը հետ վերադարձնես, ոչ էլ առանց մաքսատուրք և հարկ վճարելու անցնես սահմանը: Ես 5 ժամ մնացել եմ Բագրատաշենի անցակետում»,-պատմեց զրուցակիցս:
Երջանիկ պատահականությամբ նա անցակետում Վրաստանից եկող համագյուղացու է տեսել, ում աջակցությամբ կարողացել վճարել սեղանի մաքսային տուրքն ու հարկերը և հեռացել անցակետից։
«Ես չէի հասկանում՝ իրականությունն ուրի՞շ է, թե՞ մաքսավորներն են չարաշահումներ անում: Բայց, եթե անգամ 52 հազար դրամով գնած սեղանի համար ես պարտավոր էի վճարել 30 հազար դրամ մաքսատուրք, հարկ և վճար, այնուամենայնիվ ես չեմ հասկանում, թե իմ երկրի մաքսավորներն ինչու ինձ արգելեցին սեղանը հետ վերադարձնել Մառնեուլի կահույքի խանութ և 5 ժամ պահեցին մաքսատանը»,-ասում է Ե. Աղվանյանը»
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։