Լիբիայի հարցով Բեռլինում կայացած գագաթնաժողովում համաձայնեցվել է զենքի էմբարգոն
Նախօրեին Բեռլինում Լիբիայի հարցով գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հայտարարություն են ընդունել, որը կոչ է անում դադարեցնել երկրում բոլոր ռազմական շարժումները, ինչպես նաև պայմանավորվել են պահպանել պատերազմող կողմերին սպառազինության էմբարգոն: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ բանակցությունները լուրջ և ինտենսիվ էին և վստահություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է ունենալ քաղաքական լուծում: Այս մասին գրում է euronews-ը։
«Մենք ստացանք խոստում բոլոր մասնակիցներից, որ նրանք այլևս չեն աջակցելու լիբիական հակամարտող կողմերին, և որ նրանք կդադարեցնեն գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ուժի մեջ է հրադադարի մասին համաձայնագիրը»,-ասել է Մերկելը։
Լիբիայի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Բեռլինում կայացած հանդիպումից հետո դրա մասնակիցները նաև կոչ են արել «ստեղծել նախագահական խորհուրդ և Լիբիայի միասնական, միավորված, ներառական և արդյունավետ աշխատող կառավարություն, որը հաստատվել է Ներկայացուցիչների պալատի կողմից»:
Ինչպես նշվում է համաձայնեցված փաստաթղթում, «լիակատար քաղաքական գործընթաց պետք է տեղի ունենա՝ Լիբիայում ՄԱԿ-ի աջակցման առաքելության հովանու ներքո»: Այս գործընթացը, մասնավորապես, նախատեսում է «Ազգային ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպված անկախ և ազատ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացում»:
Նշենք, որ Լիբիայի հարցով գագաթնաժողովին Բեռլինում մասնակցում էին 10 պետությունների ղեկավարներ, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Պոմպեոն և Ռուսաստանի, Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Էմանուել Մակրոնը, ԵՄ ղեկավարները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը մեղադրել է Հաֆթարին Լիբիայում հրադադարը խախտելու մեջ
- Լավրով․ Հաֆթարն ու Սարաջը չեն ցանկանում նույնիսկ գտնվել նույն սենյակում
- Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն.Չավուշօղլու
- Հաֆթարը հրաժարվել է ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը
- Հաֆթարը ժամանել է Մոսկվա՝ բանակցելու Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջի հետ