«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է կարգավորել ֆրանչայզինգի խնդիրը
Խորհրդարանն այսօր քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ նախագծով կարգավորվում է ֆրենչայզինգի պայմանագրի գրանցման խնդիրը։
«Առկա իրավակարգավորումներով նման պայմանագրերի գրանցումը դրված է Արդարադատության նախարարության վրա, սակայն պրակտիկայում կան խնդիրներ՝ կապված օրենսդրական բացի հետ»,- ասաց պատգամավորը։
Մասնավորապես, օրենսդրական բացի պատճառով ստեղծվել է մի իրավիճակ, որ անձիք, ցանկանալով կնքել ֆրանչայզինգի պայմանագիր և չկարողանալով գրանցել այդ պայմանագիրը՝ համաձայն 970-րդ հոդվածի 2-րդ մասի, մեկ ֆրանչայզինգի պայմանագրի փոխարեն ստիպված են կնքել մի քանի լիցենզային պայմանագրեր:
Տարոն Սիմոնյանի խոսքով՝ դրա պատճառով շատ ներդրողներ, ձեռնարկատերեր փորձում են այլ ճանապարհներ գտնել նման պայմանագրերից բխող իրավունքների գրանցման համար։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքների տրամադրումը, ինչպես նաև այդ իրավունքների դադարումը ենթակա են գրանցման արտոնագրերի ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչել միայն դրանից ծագող իրավունքները նախատեսված կարգով գրանցելուց հետո: Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ»: