Հայաստանը վարկերի ստացման ցուցիչով 48-րդն է
«Առաջարկվում է գրավի ինստիտուտում կատարել փոփոխություններ»,- խորհրդարանում նշեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով, ենթադրվում է պտուղների արտադրանքի եկամուտի հետ կապված գրավի կիրառման պահանջը փոփոխել, այն է՝ պայմանագրով նախատեսված դեպքերում իրականացնել գրավի կիառում։
«Հաջորդ փոփոխությունը պայմանավորում է նաև շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին օրենքում։ Առկա օրենքով յուրաքանչյուր գույք, եթե ունի որոշիչ հատկանիշներ, պետք է նկարագրվի։ Այսինքն՝ պետք է նախատեսվի պետռեգիստրում ներդնել յուրաքանչյուր գույքի անհատականացնող տվյալները։ Առկա փոփոխությամբ ներմուծում ենք հետևյալ հնարավորությունը. գույքի համախմբի դեպքում արդեն գրանցողը կարող է ընդհանուր նկարագրությամբ ֆիքսել ամբողջ գույքը։ Ընդհանուր նկարագրությունը ֆիքսելու դեպքում պետք է նաև նախատեսի գույքի ամբողջ արժեքը»,- նշեց Գրիգորյանը։
Բիզնեսները իրենց շարժական գույքը ապահովված իրավունքով գրանցելու դեպքում ունենում են խնդիր՝ կապված յուրաքանչյուր գույքի գույքագրման հետ, քանի որ նրանք գրավադրում են կամ ապահովված իրավունքները գրանցում են կոնկրետ գույքային համալիրում և դժվարություններ են առաջանում. օրինակ, էլ.տեխնիկայի խանութի ամբողջ գույքը գրանցելուց։
«Փոփոխությունը հնարավորություն կընձեռի նրանց գործըթացը ավելի հեշտ իրականացնել։ Մեր ցուցանիշները նաև կբարելավվի նույն բիզնեսի ցուցիչով, քանի որ այժմ մենք վարկերի ստացման ցուցիչով 48-րդն ենք։ Օրինակ, Ադրբեջանը 1-ին տեղում է, իսկ Լատվիան ու Վրաստանը՝ 15»,- նշեց Գրիգորյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց, թե գրավի առարկայի ածանցյալ օգուտների վրա գրավի առարկայի տարածումը և՞ս հանդիասնում է վարկերի հասանելիության ցուցանիշի մաս. «Կարծես թե դա բիզնեսի շահերից չի։ Ածանցյալ օգուտների վրա ավտոմատ տարածումը չեմ կարծում, որ բիզնես շահերից է»։
Պատասխանելով պատգամավորի հարցին, Գրիգորյանը նշեց՝ հենց այդ հատվածը ուղիղ ցուցիչներից մեկն է։
«Հստակ այդպիսի հարցադրում կա՝ արդյոք գրավի առարկայի պտուղները և եկամուտները հանդիսանում են գրավի առարկա, թե ոչ։ Դրա պատասխանից կապված է նաև այն հանգամանքը, թե ինչպիսին է հետագայում լիելու երկրի դիրքը։ Իսկ ինչու է գործարարության հետ կապված, որովհետև նման դեպքում պտուղները եկամուտ-արտադրանքի գրավի առարկայի մեջ ներառելը ակտիվը կդարձնի ավելի գրավիչ, և վարկը ապահովվելու դեպքում ավելի մեծ պարտավորություն կարող է ապահովել»,- նշեց Գրիգորյանը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է կառավարության առաջարկած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։