Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ
«Սահմանին գազի գինը ողջ 2020 թվականի համար չի թանկանա։ Դա այլևս պայմանավորված հարց է»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով, պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլ նաև հայտ չի ներկայացվի. «Հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն։ Ըստ այդմ՝ այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում»։
Թե ինչ տեղի կունենա ապրիլի մեկից հետո, փոխվարչապետը նշեց, որ չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի։
«Երբ մենք խոսել ենք գազի գնի սակագնի բաղադրիչների մասին, դրանց մեջ կան 3 հիմնական մասեր՝ գինը սահմանին, որ այս տարվա համար այլևս քննարկման հարց չի, ընթացիկ ծախսեր, որոնք շատ հեշտ է գնահատել։ Բայց կա նաև ներդրումային ծրագրի հարց, այնուամենայնիվ կա պնդում, որ ՀՀ տարածքում անվտանգ և արդյունավետ գազի մատակարարում իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Այդ թեման քննարկվելիք է, և եթե դրա շուրջ Հայկական գազպրոմը նոր ասելիքներ ունենա, հանրայնորեն բաց և թափանցիկ այն կքննարկվի»,- նշեց Գրիգորյանը։
Մհեր Գրիգորյանը վերահաստատեց, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի փոփոխություն չի լինելու, սահմանին գազի գինը ողջ 2020 թվականին չի փոփոխվելու, իսկ բնակարաններում գազի գնի փոփոխվելու հարցը նույնպես մինչև ապրիլի 1 չի փոխվելու։
«Չթաքցնեմ ձեզնից, որոշ քննարկումներ ընթանում են, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ։ Դրանք անվտանգության և արդյունավետության ապահովման համար է»,- նշեց Գրիգորյանը։
Հարցին, թե պետբյուջեն պատրաստվում է փոխհատուցել բնակչությանը, եթե ապրիլից գազի սակագնի բարձրացում լինի, Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ երբ հասկանանք, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորում, կա ծախսերի անհրաժեշտություն, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի։
Գազի գնի հնարավոր բարձրացման մեջ Մհեր Գրիգորյանը որևէ էքստրեմալ, դրամատիկ խնդիր չի տեսնում. «Ես չեմ ասում, որ թանկացում կա, եթե նման հայտ ներկայացվի, նոր կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի»։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի