Գերմանացի բաս Ռենե Պապե. Ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք կամ որևիցէ մի այլ տեղ
«Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է։ Նման բան Եվրոպայում աշխատող դերասանի համար ուղղակի պատկերացնելն անգամ անհնար է»,- ֆեյսբուքյան էջում գրել է դերասան Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը Դրեզդենի օպերայում փետրվարի 7-ին կայանալիք համերգին չեղարկմանը, քանի որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է նրա հետ ելույթ ունենալ:
Վ.Պետրոսյանը գրել է. «Տեղեկացա Դրեզդենի օպերայի վերջին, սկանդալային միջադեպի մասին ։ Կարճ ՝ ադրբեջանցի երգիչ Յուսուֆ Էյվազովը չի ցանկացել երգել հայ երգչուհու՝ Ռուզան Մանթաշյանի հետ, որի պատճառով հայ երգչուհու նախապատրաստվող պայմանագիրը չեղարկվել է։ Կարդում եմ նյութերը, վրդովմունքիս, զայրույթիս ձայնը բարձրացնում ու չեմ կարողանում հավատալ, որ նման ստոր, այլանդակ բան կարող է տեղի ունենալ արտիստիկ շրջանակներում, այն էլ այսօր, Եվրոպայում, այն էլ Գերմանիայի պես զարգացած երկրում։
Տասնյակ տարիներ աշխատել եմ ֆրանսիական բազմաթիվ բեմերում, թատերախմբերում, ուր եղել են դերասաններ՝ ֆրանսիացի, արաբ, ռուս, իտալացի, հրեա, պորտուգալացի, թուրք ... և ամեն անգամ հիացել եմ դերասանների, բեմադրիչների, տնօրինության, բեմի մեքենավարների, տեխնիկական աշխատողների միջազգային ամենաբարձր որակի հարաբերություններով։
Ֆրանսիացի հռչակավոր բեմադրիչ Ռոբեր Օսեինի " N'ayez pas peur "ներկայացման մեջ ես ամիսներ շարունակ բեմ եմ բարձրացել թուրք գործընկերոջ հետ։ Իրար հետ աշխատել ենք ջերմ, բարեկամական, զրուցել ենք, անգամ մեր երկուսի համար ծանր՝ հայ թուրքական հարաբերություններից։ Մարդավարի, եղբայրաբար։
Դրեզդենյան միջադեպը խայտառակություն է։ Նման բան Եվրոպայում աշխատող դերասանի համար ուղղակի պատկերացնելն անգամ անհնար է։ Այս զազրելի երևույթի գլխավոր պատասխանատուն Դրեզդենյան օպերայի թատրոնի տնօրինությունն է, որը ադրբեջանական երգչի ռասիստական արարքին քաղաքական գնահատական տալու և համապատասխան պատժամիջոցներ ձեռնարկելու փոխարեն, հակառակը, անսալով նրա պահանջին, հրաժարվել է հայ երգչուհուց, հիմա էլ ձեռքերը լվանում է, հայտարարելով, որ գործ չի ուզում ունենալ ինչ որ հեռավոր, հայ -ադրբեջանական կոֆլիկտի հետ, որ միտումնավոր բերվել է թատրոն։ Կոչ եմ անում Ֆրանսիայի, ԱՄՆ ի, Կանադայի, Ռուսաստանի, Հայաստանի ինչպես նաև այլ երկրների իմ բոլոր գործընկերներին բողոքի ձայն բարձրացնել այս վայրի շովինիզմի դրսևորման դեմ, հակառակ դեպքում, ռասիզմի բացիլը կարող է մտնել եվրոպական բեմ, դառնալ նախադեպ և ծնել էլ ավելի այլանդակ, անհանդուրժելի երևույթներ։ Խոսքս ուղղում եմ նաև ՀՀ արտաքին գործերի և մշակույթի նախարարություններին՝ հանդես գալու համապատասխան կոշտ դիրքորոշմամբ»:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ժողովրդական արտիստ, ազգությամբ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այդ մասին գրել էր նաև Forum Opera ամսագիրը: Դրանից հետո Յուսիֆ Էյվազովը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Semper Operaball-ի հաղորդագրությունը, որով հերքվում են մեղադրանքները, թե Ռ. Մանթաշյանի ելույթի չեղարկման պատճառը վերջինիս ազգային պատկանելությունն է։ Մինդչեռ ֆրանսիական Agence Massis Opéra համերգային գործակալությունը, որը ներկայացնում է օպերային երգչուհի Ռուզաննա Մանթաշյանին, հաստատել է՝ սոպրանոյի մասնակցությունը Դրեզդենի օպերայում փետրվարի 7-ին կայանալիք համերգին չեղարկվել է, որովհետև ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովն է հրաժարվել նրա հետ ելույթ ունենալ:
Երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է գերմանացի բաս Ռենե Պապեի մեկնաբանությունն այս առիթով, դիմել է իր ադրբեջանցի գործընկերոջը` կոչ անելով ատելություն չքարոզել
«Առանց բացառության համաշխարհային բոլոր մեծ բեմերը նվաճած, ծնունդով Դրեզդենից, իմ հիանալի խաղընկեր, գերմանացի բաս René Pape-ն մեկնաբանել է ադրբեջանցի տենորի վարքագիծը. «Սովորաբար ես այսպիսի երևույթները չեմ մեկնաբանում, բայց որպես ծնունդով Դրեզդենցի, երաժշտության, արվեստի և ռասիզմին դեմ դեսպան, ստիպված եմ ասել իմ հարգարժան կոլլեգա Յուսիֆին՝ ատելություն չբերել իմ քաղաք, կամ որևիցէ մի այլ տեղ: Հնարավորություն ունենալ երաժշտությամբ զբաղվել, նշանակում է կամուրջներ կառուցել, այլ ոչ թե դրանք ավերել:
Սիրելի Յուսիֆ եթե չգիտես, ապա ասեմ քեզ, որ Դրեզդենը ունի պատմական շատ պայծառ, շատ մութ և նաև փառավոր երաժշտական անցյալ: Այս քաղաքը կրկին իր ճանապարհն է հարթում Եվրոպայի և աշխարհի մեծագույն քաղաքներից մեկը դառնալու համար: Հրավիրված լինել այստեղ երգելու և ունկնդրին երջանկացնելու՝ շատ մեծ պատիվ է և առավելություն: Դու պետք է երջանիկ և և հպարտ լինես նրա մի մասնիկը դառնալու համար: Ուզում ես հիշվել որպես արտիստ, ոչ թե Ատելության կրող… քո կոլլեգա՝ René»,- գրել է Հ.Պապյանն իր էջում։
Երգչուհին նաև մի հատված է ներկայացրել գերմանացի լրագրողի անդրադարձից. «Նրանց համար, ովքեր դեռ կասկածներ ունեն: Ստորև՝ գերմանացի լրագրողի անկողմնակալ անդրադարձը Դրեզդենում տեղի ունեցածի վերաբերյալ: Միգուցե մեր հայ հանրությունը՝ թեպետ ուշացումով, այնուամենայնիվ, արթնանա «զգուշավոր» թմբիրից: Ջինը շշից դուրս է եկել պարոնայք!
Ստորև շատ համառոտ թարգմանությունը.
Ֆրանսիական հավաստի „Forumopera“ աղբյուրից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանին Դրեզդենի Օպերային Բալլ-ից մեղմ ասած «դուրս քշեց»: Եթե երգչուհին երգի, ապա ինքը չի երգի: Այսպիսին է մեղադրանքը: Էյվազովի տենորը ծանրամարմին է հնչողությամբ, ձայնի տեմբրի նվազ գույներով: Միջազգային օպերային կրկեսի համար նա անհրաժեշտ է, որովհետև Աննա Նետրեբկոյի ամուսինն է, որի հետ նա հաճախ հանդես գալիս զուգերգերով: Իր ինստագրամյան էջում Ադրբեջան-Հայաստան քաղաքական հակամարտության մասին խոսում է, բայց բռնարարքի պատմությունը բառացիորեն հերքում է: Կազմակերպիչը, որը Էյվազովին հակադրվել չի ուզում, պնդում է, որ Մանթաշյանը պայմանագիր չի ունեցել: Սա շատ տարօրինակ է, քանի որ երգչուհու մոտալուտ ելույթը „Wirtschaft in Sachsen“ լրատվական պորտալում բացահայտ հիշատակվում է: Այլապես, որտեղի՞ց պետք է իմանային Մանթաշյանի մասին: Եվ ինչու՞ պետք է երգչուհին իր համար այսպիսի մեղադրանք հորիներ:
Տենորները երգում են գեղեցկագույն արիաները, միևնույն ժամանակ նրանք պարտավոր են Օպերայում պահվածք դրսևորել, որը հնարավորինս մարդկային սահմաններին մոտ է: Միևնույն է Տենորները օպերաներում շատ հաճախ «մաչոներ» են և իրենց պահում են տաքարյուն, կամ բոլորովին անգլուխ ձևով: Սա հետք է թողնում…»։
Գերմանացի երգիչ Թոմաս Քվասթոֆը նույնպես անդրադարձել է այդ միջադեպին:
«Պարոն Էյվազով, ամոթ Ձեզ! Ռասսիզմը երգչի մասնագիտության և առհասարակ այս աշխարհում անելիք չունի»,- գրել է նա, ինչի առիթով Հասմիկ Պապյանը շնորհակալություն է հայտնի «աշխարհի քաղաքացի, մեծագույն երգիչ՝ Herr Quasthoff»-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուզան Մանթաշյանի գործակալությունը պնդում է՝ նրա ելույթը չեղարկվել է ադրբեջանցի տենորի ցանկությամբ
- Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան