Թոփչյանը կրկին հրավիրված է ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավիրված է ելույթ ունենալու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբի հետ: Այս անգամ Սիցիլիայի մարաքաղաք Պալերմոյում կայանալիք համերգին Թոփչյանի հետ հանդես կգա նաև «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ հիմնադիր և խմբավար Սոնա Հովհաննիսյան:
ՀԱՖՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, համերգները կկայանան հունվարի 24 և 25-ին Politeama Garibaldi թատրոնում (Պալերմո): Ծրագրում կհնչի Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը և Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան: Համերգին մասնակցում են Միխայիլ Ռիսսովը (բաս), Սալվատորե Մագացցուն (շեփոր), Մարիա Գրացիա Դ՛Ալեսսիոյին (անգլիական եղջերափող):
Շոստակովիչի թիվ 13 «Բաբի Յառ» սիմֆոնիան գրված է Եվգենի Եվտուշենկոյի համանուն բանաստեղծության հիման վրա, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են ֆաշիստները գազանաբար հաշվեհարդար տեսնում հրեաների հետ Կիևից ոչ հեռու՝ Բաբի Յառ կոչվող տեղանքում: Հինգ մասից բաղկացած սիմֆոնիան փոխանցում է այդ դեպքերի ողջ արհավաիրքն ու ողբերգությունը: «Բաբի Յառ» սիմֆոնիայի պրեմիերան կայացել է 1962թ.-ի դեկտեմբերին, Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, դիրիժոր՝ Կիրիլ Կոնդրաշին:
Ծրագրում կհնչի նաև Աարոն Կոպլենդի «Խաղաղ քաղաք» ստեղծագործությունը՝ գրված շեփորի, անգլիական եղջերափողի և լարայինների համար: Այն գրվել է երիտասարդ Իրվին Շոուի թատերական ստեղծագործության համար: «Խաղաղ քաղաք»-ը բացառիկ նրբագեղությամբ օժտված երաժշտական ստեղծագործություն է: Պրեմիերան կայացել է Նյու Յորքում, 1941թ-ի հունվարի 28-ին, դիրիժոր՝ Դանիել Սայդենբերգ:
Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ Թոփչյանի առաջին համերգները կայացել են 2019թ.-ի մարտի 15 և 16-ին, ծրագրում հնչել է Շոստակովիչի Թիվ 6 սիմֆոնիան, Կարլ Ֆիլիպ Էմանուել Բախի Լյա մինոր թավջութակի կոնցերտը և Մոցարտի Լյա մաժոր կլարնետի կոնցերտը, մենակատարներ՝ Լուդովիկա Ռանա (թավջութակ) և Ալեսանդրո Կարբոնարե (կլարնետ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա