Գագիկ Ծառուկյան. Պետք է տեսակը փոխել
«Ծննդատների փակումը վատ եմ գնահատում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծատուկյանը։
Պատգամավորի խոսքով, ճիշտ չէ 35 գյուղի սպասարկող հիվանդանոցը փակել. «Դա անելու բան չի, որ անում են»։
Ծննդատների փակումը, ըստ Ծառուկյանի, բացասական ազդեցություն է ունենալու տնտեսական հեղափոխության վրա։
Անդրադառնալով կենդանիների մորթը միայն սպանդանոցներում իրականացնելու մասին օրենքին՝ Ծառուկյանը նշեց, որ այն ազդելու է և գյուղացիների, և ֆերմերների վրա։
«Ով անասնապահությամբ զբաղվում ա, եթե պիտի բարձի, պիտի տանի անասունին, հետո սպանդանոցում գումար վճարի, նշանակում ա, որ եթե մարդը մի կենդանին հանձնելուց ստանում ա 250 հազար դրամ, էս դեպքում 20 հազարը պիտի տրանսպորտին տա, 25 հազարը՝ մորթելուն։ Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար, անասնապահության համար պետությունը սուբսիդավորում է։ Պետք է քայլ կատարվի, մարդուն սուբսիդավորեն, որ ինքն էլ լիարժեք օգտվի դրանից»,- նշեց Ծառուկյանը։
Ծառուկյանը վստահ է՝ այսօր գյուղատնտեսության ոլորտում վիճակը շատ ծանր է. «Բոլորդ լավ գիտեք, որ ջրի կես լիտրը արժի 200 դրամ, իսկ լիտրը դառնում ա 400 դրամ, իսկ կաթը վաճառում են 110-120 դրամ։ Այսինքն՝ մարդը էդքան աշխատում ա, պահում ա, բայց կաթը ավելի էժան ա, քան ջուրը։ Իսկ մեզ պահողը էս պահին գյուղատնտեսությունն ա»։
Դիտարկմանը, որ Ծառուկյանի հետ փոխկապակցված 5 տասնյակ ընկերություններում այս պահին հարկային ստուգումներ են անցկացվում, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ թե 5, այլ 25-30 ստուգումների մեջ են։ Առաջին օրվանից, նախկինում էլ ստուգել են։ Ստուգում են, թող ստուգեն, ինչ կա»։
Անդրադառնալով կարծիքներին, որ խորհրդարանը սպառել է իրեն և պետք է այն լուծարել, Ծառուկյանը նշեց, որ պետք է աշխատանք նախաձեռնել, ծրագրավորել, պլանավորել և աշխատեցնել։
«Տնտեսություն, մշակում պետք է զարգացնել։ Թե չէ հիմա խորհրդարանը լուծարվեց, մյուսն եկավ, ոչ մի բան չի փոխվելու։ Պետք է տեսակը փոխել, որ հիմնական աշխատանք արվի, որ արդյունավետ լինի, ներդրումներ լինեն, որ մշակել, արտադրել լինի, և տեղական արտադրանքը լինի»,- նշեց Ծառուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Հլը Բուժականից ծննդկանին հասցրեք Երևան, 8 ամիս կտևի ախր. Եղվարդի բնակիչ