Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է
«Երբ ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում անձնական հեռախոսներն ունենալ, այդ մասին տարբեր քննարկումներ եղան: Դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը կարգ սահմանեց, որը հստակ սահմանում էր հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները և այլն:
Սակայն սմարտֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարտֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին:
Այս թեմային, գուցե, այդքան մանրամասն չանդրադառնայի, եթե կարգի խախտումները տեղեկատվական անվտանգության, իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետևանքերով սպառնալիքներ չպարունակեին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանն ու մանրամասնել.
«Միանգամից պետք է արձանագրեմ, որ անհատական հեռախոսների կրման հետ կապված կարգը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բավականին բարդ է վերահսկել, իսկ սմարտֆոնների գործածությունն էապես մեծացնում է առանց այդ էլ առկա սպառնալիքները:
Այս հարցը, անվտանգության առումով, շատ կարևոր եմ համարում, և անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի սահմանված կարգը մի կողմից մատչելի լինի, մյուս կողմից` հեռախոսների օգտագործման կարգի խախտումները կտրուկ խստացվի: Չթույլատրվող սմարտֆոնների դեպքում, առավել ևս, կարելի է քննարկել նույնիսկ քրեական պատասխանատվության հարցը:
Կրկնում եմ՝ ի սկզբանե թույլատրվել են այն հեռախոսները, որոնք լուսանկարելու, տեսանկարելու, համացանցային կապից օգտվելու հնարավորություն չեն ընձեռում: Իսկ սմարթֆոնների հայտաբերման դեպքերը քիչ չեն` չնայած դրանք այսօր էլ արգելված են։
Ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ զինծառայողները մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների համար առաջնային թիրախներից են, իսկ նրանց ներկայացվածությունը սոցիալական ցանցերում հնարավորություն է տալիս հակառակորդին հեշտորեն հետևելու ինչպես նրանց շարժին, այնպես էլ, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ մեր զինված ուժերի գործունեության այնպիսի մանրամասների մասին, որոնք հրապարակման ենթակա չեն:
Սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են հակառակորդի կողմից մշտադիտարկման ենթարկվում, այլև, որոշակի դեպքերում, նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք, սովորաբար, զինված ուժերին վերաբերող տեղեկատվությամբ են կիսվում:
Քիչ չեն դեպքերը, երբ հայկական անուն ազգանուն կրող անձնական հաշիվներով, տարբեր շարժառիթներով, հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փորձում են կապ հաստատել իրենց հետաքրքրության դաշտում հայտնվածների հետ:
Մեթոդներն ու ձևերն այնպիսին են, որ ոչ միշտ է հաջողվում կռահել, որ դիմացինդ ոչ թե սրտացավ հայրենակից է, այլ հակառակորդի հատուկ ծառայության ներկայացուցիչ: Խնդրանքս է մեր քաղաքացիներին զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց: Դրանով դուք վտանգում եք նրանց անվտանգությունը և մեծ ռիսկեր ստեղծում մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար»: