Շահումյանի շրջանում առկա է 13 գործող և կառուցվող ՓՀԷԿ, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են օրենքի սահմաններում
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրերս աղմուկ առաջացրած Արցախի շրջանում կառուցվող ՓՀԷԿ-երի խնդրին:
«Ներկա դրությամբ ԱՀ տարածքում գործում են 29 փոքր հիդրոէլեկտրակայաններ, որոնք բավական լուրջ դերակատարում ունեն էներգետիկայի ոլորտում և հանդիսանում են կարևոր հայրենական արտադրանք տվող կառույցներ, որոնք, հատկապես հաշվի առնելով արտաքին քաղաքականության սպառնալիքներն ու վտանգները, հատուկ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի անվտանգության համար:
Շահումյանի շրջանում առկա է 13 գործող և կառուցվող ՓՀԷԿ: Բոլոր ՓՀԷԿ-ն անցել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն:Դրանց կառուցման աշխատանքները իրականացվում են օրենքի սահմաններում, անօրեն շինարարական աշխատանքներ հայտնաբերված չեն:
Ընդգծելով ՓՀԷԿ-երի գործունեության կարևորությունը էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում այսօր ունենք լուրջ խնդիրներ, կան ՓՀԷԿ-եր, որոնք գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանում սահմանված ՋԹ-ները /ջրի թույլտվություն/, չեն պահպանվում էկոլոգիական թողքերը:Մենք` որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցումներ ենք ցուցաբերել ու ցուցաբերում ենք և առավել խիստ ենք խախտումների ու չարաշահումների նկատմամբ:Որոշ սուբյեկտներ ենթարկվել են տուգանքների և ներկա դրությամբ գործերը գտնվում են դատարանում։
Նախարարությունն չարաշահումներն ու խախտումները վերացնելու, ոչ արդյունավետ, ավանդական ջրօգտագործումից ժառանգած և ընթացիկ գործունեության արդյունքում հյուծված ջրային ռեսուրսների ոլորտը շտկելու նպատակով ԱՀ ջրային օրենսգրքում կատարում է փոփոխություններ և լրացումներ,որոնք գտնվում են պետական մարմինների համաձայնեցման փուլում: Ըստ այդ փոփոխությունների ու լրացումների`սահմանված մերժման հիմքերից բացի, նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերը մերժվում են, եթե՝
1) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը նախատեսվում է այն գետերի վրա՝
ա. որոնցում առկա են Արցախի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր,
բ. որոնց ծանրաբեռնվածությունը դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի է,
գ. որոնց վրա կան ջրաչափական դիտակետեր և նախատեսվող ջրառի և ջրահեռացման նիշերը շրջանցում են ջրաչափական դիտակետերը.
2) փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումն իրականացվում է՝
ա. բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում,
բ. բնության հուշարձանների 150 մետր շառավղով հարակից տարածքներում,
գ. ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիներում,
դ. գետերի հոսքի ձևավորման տարածքներում,
ե. գետահատվածներում, որտեղ առկա են սողանքային տարածքներ,
զ. անտառային հողերում կամ տարածքներում, որտեղ շինարարական տարածքին մոտեցող ճանապարհներ կառուցելու նպատակով առաջանում է ծառեր հատելու անհրաժեշտություն, բացառությամբ Անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված պետական անտառային հողերում աշխատանքների իրականացման համաձայնության առկայության դեպքերի:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 19-ի N 164-Ա որոշմամբ հաստատված «Արցախի Հանրապետության փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման միջոցառումների 2019 թվականի ծրագիր»-ը նախարարությունը հիդրոէլեկտրակայանների ներկայացուցիչների հետ համատեղ խորհրդակցություն հրավիրեց, որի ընթացքում տեղի ունեցավ Շահումյանի շրջանի Լև-1 ՓՀԷԿ-ի ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի տեղադրման և շահագործման ցուցադրում, այնուհետև «Locator-SCADA» մշտադիտարկման համակարգի ներկայացում և ցուցադրում: Այդ մասին գրությամբ տեղեկացրել են ընկերություններին և միաժամանակ նշել, որ վերոնշված պահանջը չկատարելը հիմք կհանդիսանա, օրենսդրությամբ սահմանված կարգով, ջրօգտագործման թույլտվությունը դադարեցնելու և առ ոչինչ ճանաչելու համար:
2019թ. դեկտեմբեր ամսում բնապահպանական և ընդերքի պետական տեսչության կողմից կատարված ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ փոքր հիդրոէլեկտրակայանների ջրաչափական մշտադիտարկման կենտրոնացված համակարգի ներդրման միջոցառումների ծրագրի շրջանակներում տեղադրվել են ջրաչափեր և մակարդակաչափեր:
Իրապես պետք է ուժեղացնենք համագործակցությունը, որպեսզի պահպանվի փոքր ՀԷԿ-երի բնականոն գործունությունը և շահագործումն իրականացվի հստակ ծրագրով: Սա շատ կարևոր թեմա է և մտնում է ԱՀ կառավարության առաջնահերթությունների թվում:
ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը կիսելով առկա մտահոգությունները` պատրաստ է սերտ համագործակցության»,- ասված է հաղորդագրությունում: