Բաբաջանյանը սադրում է` ուղիղ և անուղղակի. ԲՀԿ
«Արդեն որերորդ անգամ պարոն Բաբաջանյանը սադրում է»,- խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ասաց Արման Աբովյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
Աբովյանը նշեց, որ Բաբաջանյանը սադրում է՝ ուղիղ և անուղղակի։
«Ես ճիշտն ասած չհասկացա՝ ինչը այդպես բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն։ Ի՞նչ էր ասել պարոն Պետրոսյանը, խնդրում եմ ուշադիր ևս մեկ անգամ լսենք։ Վիրավորե՞լ է, կպե՞լ է... ի՞նչ է ասել»,- նշեց Աբովյանը։
ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ հասկանում է, թե ինչու է սադրում Արման Բաբաջանյանը։ Ըստ Պետրոսյանի, պատճառն այն է, որ պարոն Բաբաջանյանի «հովանավորության տակ» գտնվող լրատվամիջոցում հայտնվի մի գրառում՝ «Բարգավաճ Հայաստանը պաշտպանում է կրիմինալը».
«Ոչ, ոչ և կրկին ոչ։ Չի ստացվի, չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի։ ԲՀԿ-ն պաշտպանում է քաղաքացու իրավունքները, և այս օրենքը ոտնահարում է ոչ թե այսպես կոչված գողական աշխարհին, այլ հենց քաղաքացու իրավունքները»։
Աբովյանը բոլորին հանգստանալու կոչ արեց։ Պատգամավորը նշեց, որ ֆեյսբուքում արդեն իսկ տեսնում է գրառումներ, որոնք, իր խոսքով, պարզապես անընդունելի են։
«Մենք էլ սկսենք գրառումներ անել, հա՞։ Այս թեման ժպիտներով զարգացնենք՝ տեսեք-տեսեք բարգավաճը պաշտպանում է կրիմինալը։ Իրական նպատակը, նենգափոխելով մեր խոսքը, բավականին հասկանալի եզրույթները մեր վրա փաթաթելն է»,- նշեց Աբովյանը։
Իր խոսքի վերջում Արման Աբովյանը նշեց, որ եթե կարգապահական տույժ ստացան և դահլիճից հեռացան ԲՀԿ-ական 4 պատգամավորներ, ապա ԱԺ նիստերի դահլիճից պետք է հեռանա նաև «սադրիչը»՝ պարոն Բաբաջանյանը։
Պատասխանելով Արման Աբովյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց. «Էդ լավ ա, որ տենց եք կարծում, պարոն Աբովյան, բայց էդպիսի կարգապահական տույժ սահմանելու իրավունք ունի միայն նախագահողը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռազբորկա չենք ուզում. Գևորգ Պետրոսյան
- Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում
- ԱԺ-ն քննարկում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը