Խաչատուրովի փաստաբան. Այսուհետ ես դատական նիստերի ընթացքում որդեգրելու եմ համանման վարքագիծ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն առաջարկեց քննարկել մեղադրող կողմի առաջարկը՝ Յուրի խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին։
Մ. Պողոսյանն առարկեց դատավորի գործողություններին, ասաց, միջնորդությունը պետք է քննարկվի դատավարության բոլոր մասնակիցների լիիրավ ներկայությամբ, մինչդեռ այսօրվա նիստին չեն մասնակցում Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի փաստաբանները։
«Ես հիմա հայտարարում եմ, որ դատավորի գործողությունները ոչ այլ ինչ են, քան կրկին անգամ տուրք տալ մեղադրող կողմի միջնորդություններին ու դրանք բավարարել։ Հակառակ դեպքում, եթե դուք ցանկություն ունեք գործել օրենքի սահմաններում, այս միջնորդությունը քննարկման առարկա չէիք դարձնի սույն դատական նիստում»,-ասաց նա։
Դատավորն էլ պարզաբանեց՝ միջնորդություն չեն քննարկում, քննարկում են սանկցիա կիրառելու հարց, դատարանը հնարավորություն է տալիս լսել միայն այն անձի կարծիքը, ում նկատմամաբ կիրառվում է դատական սանկցիա։ Դատարանն արձանագրում է, որ պարոն Պողոսյանն իրացրել է իր լսված լինելու իրավունքը։
«Դատարանը գտնում է, որ պարոն Պողոսյանը չի կատարել իր դատավարական պարտականությունը առանց որևէ իրավաչափ հիմքի, խոչընդոտել է դատական նիստի բնականոն ընթացքը։ Պարոն Պողոսյանը չարամտորեն խուսափել է դատավարական պարտականությունների կատարումից, ուստի դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ նկատողության տեսքով»,-ասաց դատավորը՝ ավելացնելով, որ դրա մասին օրենքով սահմանված կարգով կտեղեկացնեն Փաստաբանների պալատին։
Որոշմանն արձագանքեց Պողոսյանը, նա առարկեց դատավորի գործողություններին, ընդգծեց՝ իր բարձրացրած հարցերն իրենց մեջ խնդիրներ են պարունակում։
«Ես իմ դիմումում մանրակրկիտ հայտնել եմ, թե ինչ գործողություններ են տեղի ունեցել, ինչ հայտարարություններ է կատարել տուժողի իրավահաջորդ Հարությունյանը։ Ես մի հարց էի բարձրացրել, թե ինչպես կարձագանքեր դատախազությունը կամ դատարանը, եթե իրենց հորդորեին. «Չփորձեք այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն սպանված որդի ունենալու օրին»։ Այդ հարցի պատասխանը ես մինչև այժմ չեմ ստացել։ Դատարանն այդ հայտարարությունը գնահատել է իրավաչափ։ Այսուհետ ես դատական նիստերի ընթացքում որդեգրելու եմ համանման վարքագիծ ու իմ արտահայտությունները տրամաբանորեն կապված են լինելու հենց այս հայտարարությունների հետ»,-Պողոսյանը։
Դատախազ Պետրոսյանն էլ դատարանին խնդրեց արձանագրել մյուս փաստաբանների կողմից իրենց դատավարական պարտականությունների կատարումից չարամտորեն չկատարելու հանգամանքը, իսկ սանկցիայի հարցը քննարկել նրանց ներկայանալու դեպքում։
Դատավոր Դանիբեկյանն ասաց, հաջորդ նիստին կանդրադառնա այսօրվա նիստին փաստաբանների բացակայությանը, հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 4-ին ժամը 13-ին։
Հիշեցնենք, որ նախորդին նիստին հրաժարվել էր մասնակցել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհան Պողոսյանը։ Նա հիմնավորել էր. «Հաշվի առնելով, որ դատարանը այս գործի քննության ընթացքում չի ապահովում մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում և փաստաբանների հասցեին սպանված հարազատ ունենալու սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում, երբ պաշտպանների միջնորդությունների վերաբերյալ կարծիք հայտնելու հնարավորությունը դատավարության որոշ մասնակիցներ օգտագործում են վիրավորելու համար, և դատարանը կրկին որևէ միջոց չի ձեռնարկում սույն գործողությունները կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանական կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու ողջամիտ ու իրական հնարավորությունից, ուստի Միհրան Պողոսյանը հայտնում է, որ չի ներկայանալու սույն դատական նիստին՝ հայցելով բոլոր այն անձանց ներողամտությունը, ովքեր սույն գործի քննության ընթացքում ցուցաբերել են պատշաճ վարքագիծ»։
Մեղադրող դատախազը փաստաբանի քայլը ակնհայտ ցուցադրական էր որակել։
«Մենք չենք ընդունում Միհրան Պողոսյանի հայցած ներողությունը, որովհետև դատական նիստին չի ներկայացել առանց պատշաճ հիմնավորման։ Մրցակցության սկզբունքի վերաբերյալ հայտարարությունը մերկապարանոց է։ Սպառնալիքների մասին հայտարարությունները ևս կեղծ են»,-ասել էր դատախազ Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները հրաժարվել են մասնակցել այսօրվա դատական նիստին
- Խաչատուրովի փաստաբանի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով նիստը հետաձգվեց
- Պաշտպանական կողմը հայտարարեց՝ դատարանի դահլիճում իրենց հասցեին սպառնալիք հնչեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին