Մանե Թանդիլյանի մտահոգությունը, Սուրեն Գրիգորյանի հորդորն ու վերջինս Աշոտյանի հետ նմանեցնելը
Այսօր Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ այս փոփոխությամբ ոչ թե բանկային գաղտնիքն են վերացնում, այլ ապահովում են բանկային համակարգի հետագա առավել արդյունավետ զարգացումը։
Նշենք, որ «Քրեական դատավարության մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց, որ օրենսդրական փաթեթը որոշակի սպառնալիքներ է պարունակում և առաջարկեց հաշվի առնել բոլոր առկա ռիսկերը:
«Եթե սրա արդյունքում մեզ մոտ ներդրումային աուրա խաթարվի, քանի որ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունը նաև ներդրողների հետ ուղղակի առնչություն ունեցող կարգավորում է, և եթե դրա հետևանքով մեր տնտեսությանը հասցվի վնաս և արդյոք Դատախազությունը դրա պատասխանատուն է, կասկածում եմ, բայց որ քաղաքացին և երկրի տնտեսությունը կտուժեն, դրանում վստահություն ունեմ»,- նշեց նա։
Մանե Թանդիլյանը միաժամանակ ասաց, որ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության համար Կառավարության շենքի առաջ ցույցեր չեն իրականացվի, փողոցներ չեն փակվի, բայց դրանից այս կարգավորման վտանգավորության աստիճանը որևէ կերպ չի նվազում:
«Հորդորում եմ կանգնեցնել, կասեցնել այս համակարգաքանդ օրինագծի նախաձեռնությունը, քանի որ եթե մեկ կայացած կառույց կա այս երկրում, դա բանկային համակարգի ինստիտուտն է, որով հպարտանում ենք պարբերաբար»,- հայտարարեց Մանե Թանդիլյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանն անդրադառնալով Մանե Թանդիլյանի ելույթին, ասաց, որ նրա համար ավելի կարևոր է իշխանությանն ամեն կերպ սևացնելը՝ դեմ գնալ անգամ պետական շահին։
«Չկարդալ օրենքը, չմասնակցել այս օրենքի վերաբերյալ գեթ մեկ քննարկմանը և նման բան հայտարարել»,- ասաց պատգամավորը՝ միաժամանակ հորդորելով ԼՎԿ-ական պատգամավորներին իրեն չընդհատել, երբ վերջիններս դահլիճից խորհուրդ տվեցին նման ձևով չարտահայտվել։
Սուրեն Գրիգորյանը նշեց, որ բանկային գաղտնիքի մասին տեղեկատվությունը տրվելու է միայն դատարանի որոշման հիման վրա։
Իմքայլական պատգամավորի ելույթին արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։
«Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը այստեղից խոսում էր, ես ուզում էի ասել` պարոն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անեք»,- նշեց նա՝ հավելելով, որ Սուրեն Գրիգորյանի ելույթը, կարծես թե, բառացի նույն ելույթներն են` նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ:
Նրա խոսքով՝ եթե իմքայլականների նախագծին դեմ են, դա չի նշանակում, որ պետական շահին են դեմ:
«Լավ, ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք: Բա հետո՞, Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում: Տարրական երկխոսելու մշակույթ սովորելո՞ւ եք, ի վերջո: Այս ամբիոնը, այս դահլիճը, այս շենքը գաղափարների բախման համար է, ոչ թե, եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չէ, ուրեմն պետական շահին դեմ է։ Պետական շահն էլ եք դուք որոշում, մենակ դուք միանձնյա՞»,- վրդովված ավելացրեց Գևորգ Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ իրենց բոլոր ելույթներն ու քայլերն ուղղված են պետական շահին:
«Այսօր էլ մենք չենք ուզում, որ ժողովրդավարությունը հերթական հետքայլը անի, քանի որ դուք ձեր ամբարտավան ելույթներով ու կեցվածքով փորձելու եք ընդդիմությանը լռեցնել: Դուք հլը հասկացեք պետական շահը, նոր հետո խոսեք պետական շահից»,- ընդգծեց ԼՎԿ-ական պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան