Բեռլինում ԹՈՒՄՈ կենտրոն կհիմնադրվի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապրի վարչությունը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է.
«Հարգարժա՛ն պարոն դեսպան,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Նույնիսկ մթնոլորտը և ձևաչափը միջոցառման շատ ոգևորիչ է:
Ողջունում եմ բոլորիդ: Մեծ սիրով ընդունեցի այսօրվա միջոցառմանը մասնակցելու հրավերը և ինձ համար պատիվ է այսօր գտնվելու Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:
Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման:
Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան:
Գերմանիան միշտ եղել է և կմնա մեզ համար կարևոր գործընկեր, իսկ KfW բանկի հետ համագործակցությունը զգալի ներդրում է երկրում թափանցիկ և ճիշտ գործելակերպ խթանելու համար:
Թումոն ուղղակի նորարարական կենտրոն չէ, այն հարթակ է երեխաների մոտ կաղապարներից դուրս մտածելակերպ ձևավորելու համար: Թումոն տալիս է հնարավորություն ապագայի նպատմամբ ունենալու վստահություն, քանի որ Թումոյի սաները քայլում են համահունչ ժամանակակից միտումներին՝ երբեմն նաև առաջ անցնելով դրանցից:
Հայաստանում ձևավորված նորարարական գաղափարների արտահանման ներուժը բավականին մեծ է, ինչի վկայությունն է նաև այսօրվա միջոցառումը: Աշխարհը պետք է Հայաստանին ընկալի առաջին հերթին որպես մարդկային ռեսուրսներով հարուստ երկիր:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ երկու կողմերին էլ այս նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար և Բեռլինի Թումո կենտրոնին մաղթում եմ արգասաբեր աշխատանք և մեծ հաջողություններ:
Հարգելի՛ բարեկամներ,
Իրոք, մենք մասնակցում ենք մի միջոցառման, որը մեզ համար իրականության մեջ բոլոր առումներով կարելի է անվանել որպես դասական միջոցառում: Ինչու, որովհետև սա նման է մեր երազանքների իրականացմանը, երբ Հայաստանը հնարավորություն ունի արտահանել միտք, գաղափար, ինչը, կարծում եմ, մեր զարգացման համար շատ կարևոր է: Հերթական անգամ անում ենք այս արձանագրումը: Եվ հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին և բոլոր մասնակիցներին, ովքեր այս իրադարձությունը կյանքի են կոչել:
Շնորհակալություն ուշադրության համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան