Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում.Աննա Աստվածատուրյան
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված քննարկում, որին հիմնական բանախոսությամբ հանդես է եկել ամերիկահայ գրող, դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, Ուեստբրուք քաղաքի խորհրդի անդամ և Բաքվի ջարդերը վերապրած Աննա Աստվածատուրյան Թերքոթը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներ և պատասխանատուներ, պետական համակարգի ներկայացուցիչներ և Բաքվի ջարդերը վերապրածներ:
Բացելով քննարկումը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստին և հանձնաժողովի ընդունած հայտարարությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը՝ Բաքվի ջարդերի մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելու ու դրանք դատապարտելու առումով:
Հիմնական բանախոս Աննա Աստվածատուրյան Թերքոթը, խոսելով Բաքվի ջարդերի մասին, ներկայացրել է այն բոլոր խնդիրները, որոնց առնչվել ու առնչվում են փախստականներն առ այսօր:
«Իմ հարազատները ջարդերի արդյունքում ցրվել և այժմ ապրում են տարբեր երկրներում, և մենք միմյանց չենք ճանաչում: Դա է մեր դժբախտությունը: Ես ամենուր ինձ փախստական եմ զգում»,-ասել է Աննա Աստվածատուրյանը:
Բանախոսը նաև նշել է, որ, ցավոք սրտի, առ այսօր այդ հարցի նկատմամբ չի եղել պետական համապարփակ մոտեցում, և մի քանի օր առաջ ՀՀ-ում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը դրան ուղղված առաջին քայլն էր:
Թեմայի վերաբերյալ ելույթ է ունեցել նաև պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, որը կարևորել է Բաքվի ջարդերի մասին տեղեկատվության հանրայնացման և առաջմղման եղանակների որոնումը ու կազմակերպումը: Խոսելով Բաքվի իրադարձությունների մասին՝ նա նշել է, որ հայերի պատմության ընթացքում թե զոհը և թե կատարողը միշտ նույնն է: «Ցեղասպանությունն ազգային քաղաքականություն է»,-ընդգծել է Մանասյանը՝ խոսելով Ադրբեջանի վարած հակահայ քարոզչության մասին:
Մասնակիցները բանախոսներին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:
Ամփոփելով հանդիպումը՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ և΄ Հայաստանում, և΄ Արցախում պետք է պատրաստել 88-90-կան թվականների դեպքերի վերաբերյալ փաթեթ, որը ամենաճիշտ հիմնավորումը կլինի, թե ինչու Արցախը չի կարող ինել Ադրբեջանի կազմում թե΄ սուվերենության և թե΄ իրավազորության առումով:
Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան