Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի եք իջեցնում. Հայկ Կոնջորյան
«Պարոն Աբովյան, Դուք իսկապես չե՞ք հասկանում, թե ասվածի մեջ ինչ խնդիր կար, թե՞ ձևացնում եք, թե չեք հասկանում»,- այսօր Ազգային ժողովում դիմելով ԲՀԿ-ական պատգմավոր Արման Աբովյանին, մասնավորապես, անդրադառնալով վերջինիս ելույթին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ԲՀԿ-ական պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև։
«Եթե Հայաստանում քրեական ենթամշակույթի, գողական բարքերի դեմ տարվող իրավական պայքարն իջեցվում է շրիշակի մակարդակի, գողական, բեսեդկայի, քուչի մակարդակի և բերվում են համեմատություններ, որոնք հարիր չեն նաև Ձեզ, հիմա ես դիմում եմ Ձեզ տիկին Զոհրաբյան, պարոն Մելքումյան, պարոն Բագրատյան, մարդիկ, որոնք քաղաքական տեքստ են ասում, դա Ձեր մակարդա՞կն է, որ այդ աստիճան իջեցնում եք: Ուրեմն ես էլ ուզում եմ ասել, որ երեք տառանիի մասով էլ, չորս տառանիի մասով էլ, եթե կարիք կա պայքարում ենք, դրա մասով էլ կան նաև հոդվածներ: Բայց պետք չէ այդ աստիճան իջեցնել։ Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի են իջեցնում»,- դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին՝ ասաց Հայկ Կոնջորյանը։
Նրա խոսքով՝ ժամանակ առ ժամանակ Արման Աբովյանն ասում է, որ պետք է բարիդրացիական , հանգիստ պայմաններում բանավեճեր անցկացնեն, բայց ինքն այլ տպավորություն է ստացել. «Ւմ մոտ այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ-ում կա այդպիսի մարտավարություն՝ Դուք գաք, ասեք՝ եկեք ամեն ինչ հանգիստ անցկացնենք, բայց հետո կոնկրետ ինչ-որ մեկը, կոնկրետ հանձնարարությամբ գալիս և ասում է մի բան, որը հետո դառնում է ռումբ և դահլիճն արձագանքում է»:
Հայկ Կոնջորյանն ասաց նաև, թե այդ ինչ շնորհք է, որ մարդիկ ելույթ են ունենում ամբիոնից, մինչև հասնում են տեղ ինչ-որ «ռազբորկաներ» են սկսում, կամ ամբիոնից խոսում են, իսկ ինչ-որ մեկը դահլիճում մեկը մուննաթով արձագանքում է։
«Ձեր էդ ջղային դեմքի արտահայտության տակ մենք ձեր ամբողջ վախերը տեսնում ենք ախր, այդքան համարձակ դուխով մարդիկ եք, եկեք այստեղից խոսեք, ախր ես գիտեմ, որ այդ տեղից խոսողների մեծ մասը, որ գա այստեղ կանգնի, ոտքերը նենց կդողան, որ այդ ցնցումները Դուք էլ կզգաք՝ մինչև վերջին նստարանը։ Դրա համար եկեք վերջ տանք այս ամենին, բան ունեք ասելու՝ եկեք այստեղից խոսացեք»,- ասաց Հայկ Կոնջորյանը՝ հավելելով, թե նրանք, որոնք չեն կարողանում խոսել, ապա առաջարկում է լռել:
«Իմ քայլը» խմբակցության անդամը նշեց նաև, որ այն ինչը սկսել է մեծամասնությունը քրեական ենթամշակույթի մասով՝ շարունակվելու է. «Նրանք, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, մնալու են պատմության մայթեզրին կանգնած»։
Հարակից հրապարակումներ`
- Տենց տղա չկա, որ իմ թասիբին կպնի. Գևորգ Պետրոսյան
- Բաբաջանյանը սադրում է` ուղիղ և անուղղակի. ԲՀԿ
- Ռազբորկա չենք ուզում. Գևորգ Պետրոսյան
- Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում
- ԱԺ-ն քննարկում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը