Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում
ԱԺ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո վեճ, ապա նաև քաշքշուկ ու հրմշտոց առաջացավ նրա ու ԲՀԿ-ական պատգամավորների միջև։ Հնչեցին հայհոյախառն արտահայտություններ, միմյանց հասցեին վիրավորանքներ։ Վեճին միջամտեցին ու կողմերին բաժանեցին ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, «Իմ քայլ»-ից Արմեն Խաչատրյանը։ Հետո վեճ ծագեց «Իմ քայլ»-ից Արմեն Փամբուխչյանի ու ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի միջև։
Այս ընթացքում տեղերից չշարժվեցին «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները, Մարուքյանը նստած նայում ու ժպտում էր։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ հանդարտվելու կոչերն իզուր էին։ Վեճի ավարտից հետո Միրզոյանն ասաց՝ ելույթ ունեցողները չեն կարող հետապնդվել իրենց ելույթի համար։
«Ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի պատգամավորական մանդատից ու գնա բեսեդկում լռվի»,-ասաց ԱԺ նախագահը։
Վեճը շարունակվեց նաև Տաթևիկ Գասպարյանի ելույթից հետո։ Այս անգամ մասնակիցներն ավելի շատ էին։ Դժվարությամբ հանդարտվեցին։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի, Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական տույժ։ Այսօր մինչև նիստի ավարտը նրան զրկված են նիստին ներկա լինելու իրավունքից։
«Կարգադրիչներին խնդրում եմ ապահովել սրա կիրառումը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ելույթում Բաբաջանյանը հույս հայտնեց, որ ինչ-որ մեկը պետք է ԲՀԿ անունից ներողություն խնդրի իրենց ընկերոջ խայտառակ պահվածքի համար, ԱԺ նախագահին էլ կոչ արեց, որ արձագանքի այդ «անթույլատրելի պահվածքին»։ Նրա խոսքին հետևեցին իմքայլական պատգամավորների, այդ թվում խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ծափահարությունները։
Արման Բաբաջանյանն էլ արձագանքում էր Գևորգ Պետրոսյանի՝ գողականների դեմ պայքարի մասին ելույթին։
«Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը որպես գերակայություն հռչակել այս պայաքարը։ Պարոն նախարար, ի՞նչ է նշանակում գողական աշխարհ։ Միայն մի հուշում, գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ դրա դեմ պայքարեիք»,-մասնավորապես նշել էր Պետրոսյանը։