Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից այսօր այս շենքում կատարվածի համար. Մխիթար Հայրապետյան
«Ես ինձ գենետիկորեն անհամատեղելի եմ զգում պառլամենտում բռունցքներով հարցեր լուծող պատգամավորների հետ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորների և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած միջադեպին։
«Երբ երկու տարի առաջ նախարար և մեկ տարի առաջ պատգամավոր ընտրվելիս ես ինձ մի քանի հարց եմ տվել՝ ինչու ես, այլ ոչ թե մեկ ուրիշը։ Ինչ արժանիք ունեմ ես, ինչ հանրային բարիք եմ ստեղծում ես պետության համար, որ ստանձնում եմ պաշտոն, ստանում եմ բարձր աշխատավարձ, կայացնում եմ որոշումներ»,- նշեց պատգամավորը։
Մխիթար Հայրապետյանն ընդգծեց՝ ինքը գտել է այդ հարցի պատասխանը, որ առնվազն ոչ պակաս արժանավոր մարդիկ կան դրսում, որ կարող էին լինել իր փոխարեն։
«Հետևաբար, ինչ եմ անում ես՝ առերեսվելով իրականության հետ։ Ես փորձում եմ ամենօրյա իմ աշխատանքային գործունեության ընթացքում մեկ, կես քայլ, մեկ սմ ավելի մոտենալ քաղաքական գործչի, հանրային գործչի այն կերպարին, որը եթե ոչ հպարտություն, ապա առնվազն ամոթի զգացում չի առաջացնի քաղաքացու մոտ»,- նշեց նա։
Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ եթե սխալվել է իր պատկերացումներում, թե ինչպիսին պետք է լինի պառլամենտը, ապա ինքն այդ պառլամենտում անելիք չունի։
«Բայց հուրախություն ինձ՝ այստեղ ոչ միայն ես, այլև շատ շատերը եկել են աշխատելու։ Եվ ցավում եմ, բայց նմանատիպ միջադեպերի պատճառով մեկ տարի շարունակ այդ աշխատանքը ստվերվում է, մեզանից հարյուրապատիկ ջանքեր է պահանջվում, որ հանրությանը ներկայացնենք մեր աշխատանքը։ Ես չգիտեմ՝ ով ումից ներողություն կխնդրի, բայց ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիներից այսօր այս շենքում կատարվածի համար»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա, որ այդ մակարդակի եք իջեցնում. Հայկ Կոնջորյան
- Բաբաջանյանը սադրում է` ուղիղ և անուղղակի. ԲՀԿ
- Ռազբորկա չենք ուզում. Գևորգ Պետրոսյան
- Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում
- ԱԺ-ն քննարկում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը