Կոճակը գտան, մնաց՝ վերարկուն. Նաիրա Զոհրաբյանը՝ պետական մրցանակների նախագծի մասին
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Անդրադառնալով նախագծին՝ պատգամավորը նշեց, որ այս նախագիծն իրեն հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ կոճակը գտա, մնաց՝ վերարկուն. «Մենք գտնում ենք, որ ամբողջ հայեցակարգը վերանայման կարիք ունի»։
Նրա խոսքով՝ պետական մրցանականեր սահմանող հանձնաժողովները տարիներ շարունակ բացառապես ծառայել են այլ նպատակի, տարիներ շարունակ արժեզրկվել են պետության կարևորագույն մրցանակները՝ ծառայեցնելով քաղաքական շահերի։
«Մեզ համար բացարձակ կարևոր չէ վերջնարդյունքում ով կհանձնի մրցանակը՝ նախագահը, թե վարչապետը։ Մեզ համար կարևոր են սկզբունքային հայեցակարգային փոփոխությունները։ Ընդունելի չէ, որ նախարարը պետք է միանձնյա որոշի հանձնաժողովի կազմը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա հայտարարեց, որ ԲՀԿ-ն այսօր կքվեարկի ձեռնպահ, իսկ հանձնաժողովի կազմի վերաբերյալ առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներով հանդես կգան, որից հետո երկրորդ ընթերցման ժամանակ կորոշեն, թե ինչպես քվեարկեն։․
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը նույնպես հայտնեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվերարկելու նախագծին։
Այսպիսով՝ օրենքի նախագիծն ընդունվեց 83 կողմ, 19 դեմ և 19 ձեռնպահ ձայներով:
Նշենք, որ օրենքի նախագծով սահմանվել է 10 պետական մրցանակ.
1) գրականության և հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
2) երաժշտության և կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
6) ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
7) ճշգրիտ և բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
8) հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
9) աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.
10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ: