ԱԺ-ն քննարկում է քրեական ենթամշակույթի վերաբերյալ նախագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծերը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, հիշեցրեց, որ նախագծերի փաթեթով քրեական պատասխանատվություն էր նախատեսվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, դրանք մասնակցելու կամ ներգարվվելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
Նախարարի խոսքով՝ քննարկման արդյունքում առաջարկվել է պարզեցնել հասկացությունները, ուստի հաշվի առնելով քննադատությունները քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ հասկացության մեջ ներառել են հանրամատչելի՝ «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները:
Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ապա այդտեղ, ըստ Ռուստամ Բադասյանի, ներառվել է «գողական աշխարհ» հասկացությունը։
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով նախագծին՝ ասաց, որ ԲՀԿ-ն դեմ է հանցագործությանը, հանցավոր գործունեությանը, բնականաբար, նաև այդ գործունեության արդյունքներին։
«Բայց մենք նաև մեկ սկզբունք ունենք, որ մարդուն պետք է դատել կատարած արարքի համար, առանց արարք կատարելու մարդուն դատելը չի բխում մարդասիրության սկզբունքից: Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը գերակայություն հռչակել այս պայքարը, քանի որ սա ոչ թե հանցավորության դեմ պայքար է, այլ՝ ինչ-որ անորոշ երևույթների: Պարոն նախարար, Դուք ասում եք «գողական աշխարհ», դա ի՞նչ է նշանակում, ով կարող է դրա սահմանն ընդգծել: Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, միայն մեկ հուշում անեմ՝ գողական բառի հետ էլի երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել»: