Մենք այդ շոուում չկանք. Համազասպ Դանիելյան
«Երեկ մենք մեր բոլոր փաստարկներով ջախջախեցինք Ձեր ելույթները և բերված փաստարկներն առ այն, որ այս քննիչ հանձնաժողովի ստեղծումը հակասահմանադրական է, դուք հասկացաք, որ դեմ քվեարկելը խնդիրներ է ստեղծելու Ձեր համար»,- այսօր խորհրդարանում Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունները ուսումնասիրելու համար ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քվեարկությունից հետո ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց նախագծի քվեարկությանը՝ տապալելով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը։
Անի Սամսոնյանի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն իրենց ելույթներում ցույց տվեցին այն բոլոր վախերը. «Դուք վախենում եք, որ մենք կքննարկենք այդ հարցը»։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանն էլ իր խոսքը սկսեց անգլիական ասացվածքով, թե «ձիուն կարող ես տանել աղբյուրի մոտ, բայց երբեք չես կարող ստիպել, որ նա ջուր խմի»։
«Մենք ունենք իրավիճակ, որ Երևանի ավագանիում մի ամբողջ խմբակցություն երկար ժամանակ քչփորում էր աղբամանները, հետո դրանք մաքրվելուց հետո քչփորում է աղբատար մեքենաները, երբ ակնհայտ ֆիասկոյի ենթարկվեց և հանրությունը պարսավեց այդ գործունեությունը, անգամ քաղաքականապես հետ կանգնեցին այդ գործունեությունից, հիմա նույն օրակարգը բերել են Ազգային ժողով։ Ձեր որոշելիքն է և Ձեր քաղաքական պատասխանատվության դաշտում է։ Մենք ընդամենն ասում ենք, որ մենք այդ շոուում չկանք»,- ասաց Համազասպ Դանիելյանը։
Նրա խոսքով՝ եթե «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ուզում են ուսումնասիրել քաղաքապետարանի նվիրատվությունների գործընթացը, եթե նրանց համար կան «մութ» հարցեր, ապա նրանք ունեն գործիքակազմ, որը կարող են օգտագործել և պատասխաններ ստանալ։ Թեև, ըստ նրա, այդ պատասխանները կան, պարզապես պետք է դրանք տեսնել և կարդալ։
ԼՎԿ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ իշխող մեծամասնությունն արդեն որերրորդ անգամ կարծիքների տարբերության մասին քննարկումները հասցնում է պլինտուսի ցածր մակարդակի։
«Ես ցավում եմ, քանի որ այստեղ ամեն կերպ փորձում ենք մեր ժողովրդի ակնկալիքներն արդարացնել, քանի որ դա այսօր ամենադժվար բանն է անել։ Այն վարքագիծը, որը դուք դրսևորում եք տարբեր կարծիքներ ունենալու պարագայում, ապա Ձեր հռետորաբանությունը, վարքագիծը անտանելի ու անընդունելի է այս դահլիճում։ Այսօր ժողովուրդը Ձեզնից այլ բան է ակնկալում, խնդրում եմ մի համարձակվեք այլևս տարբեր կարծիքներ ունենալու մեր իրավունքների բախման արդյունքում նման հռետորաբանություն և վարքագիծ դրսևորել մեր խմբակցության նկատմամբ»,- ասաց Մանե Թանդիլյանը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ արձագանքելով Մանե Թանդիլյանի ելույթին, ասաց. «Տիկին Թանդիլյան, այդպիսի արտահայտությունները որևէ մեկին պատիվ չեն բերում, Ձեր հանդեպ ողջ ունեցած սիրով և հարգանքով հանդերձ, Ձեր ասածն էլ Ձեզ պատիվ չէր բերում»։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. «Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է»
- Էդմոն Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ
- Պարո´ն Մարուքյան, կարող եք գնալ, Ձեր հին գոծընկերների հետ սուրճ խմել. լեզվակռիվ ԱԺ-ում
- ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան