Մալյանի դեմ ներկայացրած հայցադիմումը թերի լինելու պատճառով դատարանը վերադարձրել է Բադասյանին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զ. Նախշքարյանը, ուսումնասիրելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դիմումն ընդդեմ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի ներկայացրած հայցադիմումը, որոշել է հետ վերադարձնել։
«Հզոր իրավաբան Ռուստամ Բադասյանի հայցը դատարանը որոշեց վարույթ չընդունել, որովհետև (բռնվեք) արդարադատության նախարարի հայցը թերի էր....
Հիշեցնեմ, որ թերի հայց ներկայացրած մարդը այսօր մեր երկրում ճառում է իրավաբանությունից»,-որոշմանն այսպես է արձագանքել Մալյանը ֆեյսբուքյան իր էջում ու հրապարակել որոշման լուսանկարները։
Ըստ այդ, հայցը վերաբերում է պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման պահանջին։
Հայցադիմումը Ռուստամ Բադասյանին վերադարձնելու հիմնավորման մասին դատավորի որոշման մեջ ասված է. «...հայցվորը չի պահպանել գործող օրենսդրությամբ հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները, որով թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի խախտում»։
Ի դեպ, Օրենսգրքի այդ հոդվածը սահմանում է.
Հոդված 122. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
1. Հայցադիմումին կցվում են`
6) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում։
2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`
1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն: