Մեկ շաբաթ առաջ Մարուքյանի հետ սուշի էինք ուտում. Ռուբինյան
«Պարոն Մարուքյանն իր ասուլիսն ավելի սազական կլիներ, որ իրենց խոհանոցում տար, քանի որ դրա բովանդակությունն ամբողջապես խոհանոցային էր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով խորհրդարանում իր և Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած բանավեճին, ինչպես նաև դրան հաջորդած Մարուքյանի ասուլիսին։
Նրա խոսքով՝ կար քննիչ հանձնաժողով ստեղծելու հարց և «Իմ քայլը» խմբակցությունը հանգամանալից ներկայացրեց այն խնդիրը, որ կա դրա հետ, այն է, այդ քննիչ հանձնաժողովի թեման չի մտնում ԱԺ-ի լիազորությունների մեջ։
«ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի մեր գործընկերները ազատ են համապատասխան գործընթաց նախաձեռնել Երևանի ավագանիում։ Մեր սիրելի գործընկեր Էդմոն Մարուքյանը, փաստորեն, ուշադրության պակաս ունի և փորձում է իր պնդումների բովանդակազրկությունը լրացնել սկանդալներով»,- նշեց նա։
Անդրադառնալով ԼՎԿ խմբակցության ղեկավարի այն հայտարարությանը, թե Ռուբինյանը վերջերս է խնդրել ՀՀԿ փոխնախագահի հետ հանդիպում և Արմեն Աշոտյանի հետ ամենաթարմ սուրճ խմածը նա է, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ իսկապես հանդիպել է Աշոտյանի հետ, բայց դա ամիսներ առաջ էր և խոսել են ԵԽԽՎ-ի մասին։
«Այդ հանդիպումը գաղտնիք չի եղել, դա եղել է մոտ 7-8 ամիս առաջ։ Խոսակցության թեման երկուսն է եղել։ Հայտնի է, որ ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության իմքայլականները, ներառյալ ես, մտել ենք ԵԺԿ-ի խմբի մեջ: Երբ ես քննարկում էի ԵԺԿ-ի մեր գործընկերների հետ խումբ մտնելու հարցը, այնտեղ մեզ ասացին հաշվի առնել, որ ՀՀԿ-ն ԵԺԿ-ի ասոցացված անդամ է, խնդրեցին տեղյակ պահել նաև պարոն Աշոտյանին, ինչը արել եմ։ Ոչ թե խնդրել եմ, այլ տեղյակ եմ պահել»,- ասաց նա՝ հավելելով, որ այդքանով եզրափակվել է իրենց խոսակցությունը։
Նրա խոսքով՝ ցավում է, որ ԱԺ-ում քննարկումները բովանդակազրկվում են ընդդիմության կողմից և բերվում են խոհանոցային մակարդակի խոսակցությունների։
Անդրադառնալով Մարուքյանի հայտարարությանը, թե Ռուբինյանը երևի նեղվում է, որ իր հետ սուրճ չի խմել, Ռուբինյանը պատասխանեց. «Ասեմ, որ ես առանձնապես շատ սուրճ չեմ խմում, բայց մեկ շաբաթ առաջ Մարուքյանի հետ սուշի էինք ուտում։ Ուղղակի բարոյականությունն ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելու ընթացքում ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանն ու ինչ խորհուրդ էր հարցնում»։
Հարակից հրապարակումներ`
- Դա նույնպես հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև. Գևորգ Գորգիսյան
- «Աշոտյանի հետ ամենաթարմ սուրճ խմածը Ռուբինյանն է»
- Մենք այդ շոուում չկանք. Համազասպ Դանիելյան
- Մարուքյան. «Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է»
- Էդմոն Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ
- Պարո´ն Մարուքյան, կարող եք գնալ, Ձեր հին գոծընկերների հետ սուրճ խմել. լեզվակռիվ ԱԺ-ում
- ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը