Փաշինյան. Սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է՝ տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար:
«Ե՛վ 2018, և՛ 2019 թվականների արդյունքներով, կարծում եմ, կարող ենք արձանագրել, որ սուբվենցիոն համակարգն այդ թեման զարգացնելու հիմնական շարժիչ ուժը պետք է դառնա: Ինչո՞ւ է սուբվենցիոն համակարգը գրավիչ, որովհետև այն իսկապես ստեղծում է համագործակցության շատ կոնկրետ դաշտ և հարաբերություններին նոր որակ ու մակարդակ է տալիս, որովհետև, ըստ էության, այդ ծրագրերում ներգրավվում են համայնքները, ներգրավվում է կառավարությունը: Այսինքն՝ համայնքը, ներգրավված լինելով սեփական միջոցներով, ավելի մեծ շահագրգռություն է ցուցաբերում, և սա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացիները շատ կոնկրետ օրինակներով տեսնեն, թե իրենց վճարած հարկերն ինչպիսի արտահայտություն են գտնում իրականության մեջ և ինչպես են փոխում իրենց կյանքը: Կառավարության մասնակցությունը, իհարկե, շատ մեծ խթան է»,-նշել է նա։
Կառավարության ղեկավարն ասել է, արդեն երկրորդ տարին է, որ մեպետական բյուջեից 10 մլրդ դրամ հատկացնում են սուբվենցիոն ծրագրերի համար:
«Ես այսօր ստացա տեղեկանք, որ ընդհանուր 16 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր ենք իրականացրել մարզերում, և դեռևս համայնքները չեն կարողանում տարեկան այդ 10 մլրդ դրամն իրացնել ամբողջ ծավալով»,-նշել է նա։
Նրա խոսքով, երբ համայնքները 10 մլրդ դրամը կիրացնեն, պետական բյուջեից հատկացումը կավելանա և կավելանա 1 մլրդ դրամ, 2 մլրդ դրամ՝ այնքան, ինչքան կարողանան մեր համայնքներն այդ սուբվենցիաներն իրականացնել:
«Այս ընթացքում մենք ի՞նչ եզրակացության ենք եկել. մեր եզրակացությունը կարծես թե միանշանակ է դառնում, որ սուբվենցիոն ծրագրեր առավել հաջող իրականացնում են խոշորացված համայնքները, որտեղ կա դրամական միջոցների որոշակի կենտրոնացվածություն, ընդ որում՝ այստեղ խոսքը և՛ ծավալների, և՛ որակի մասին է»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- 2021 թվականին ամբողջությամբ կավարտվի համայնքների խոշորացման գործընթացը. Պապիկյան
- Համայնքների խոշորացումից հետո գյուղերում խնդիրները չեն պակասել. ՀԿ նախագահ
- «Հրապարակ». Համայնքների խոշորացման հերթը Արարատի, Արագածոտնի և Արմավիրի մարզերինն է