Մխիթար Հայրապետյանը նամակ է հղել Բունդեսթագի իր գործընկերոջը` հայազգի երգչուհու հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ
ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի պատգամավորների անունից նամակ է հղել Գերմանիայի Բունդեսթագի գործընկերներին՝ նախորդ շաբաթ հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի տիկին Բուդդե,
Համբուրգաբնակ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությունը փետրվարի 7-ին կայանալիք դրեզդենյան Semper Opernball կասեցվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի պահանջով, որը հրաժարվել է ելույթ ունենալ հայազգի երգչուհու հետ: Մշակույթի ոլորտում նման այլատյաց մոտեցումն անընդունելի է: Այն ակնհայտ անարգանք է արվեստի նկատմամբ:
Մշակույթը եղել և մնում է ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու, նոր կամուրջներ կառուցելու ամենաարդյունավետ հարթակներից մեկը, որը չի ճանաչում քաղաքականություն, ազգային պատկանելություն: Այստեղ պետք է պահպանվեն բոլոր ազգերի և մշակույթների ներկայացուցիչ արվեստագետների նկատմամբ հարգանքը և հավասարությունը:
Բունդեսթագի մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում այս մտահոգիչ փաստին: Լիահույս ենք, որ դուք, լինելով ռասայական խտրականության և այլատյացության ցանկացած դրսևորման դեմ պայքարի ջատագովներ, հարցը կպահեք ձեր ուշադրության կենտրոնում»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը քաղաքական դրդապատճառներով հրաժարվել էր ելույթ ունենալ Ռուզան Մանթաշյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության
- Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավարից պահանջել են բացատրություն
- Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա