ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը
Ազգային ժողովն այսօր չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը։
Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը չի տապալի հանձնաժողովի ստեղծումը։
«Դրա տապալումը վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու մեր բռնած ճանապարհին և երեկ էլ ասել եմ, որ այն քաղաքական լուրջ հետընթաց կարող է արձանագրել ժողովրդավարության առումով։ Հետևաբար, ակնկալում եմ, որ չեք տապալի քննիչ հանձնաժողովի ստեղծումը»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը կիսում է Մարուքյանի տեսակետը։
«Թույլ տվեք, որ ստեղծվի հանձնաժողով, քանի որ դուք վատ վիճակի մեջ եք դնում Ձեր քաղաքապետին, որը վստահ եմ՝ լավ իրավախորհրդատուներ ունի։ Կոչ եմ անում կողմ քվեարկել, ի վերջո դուք այդ հանձնաժողովում մեծամասնություն եք ունենալու»,- նշեց ԲՀԿ-ական պատգամավորը։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ասաց՝ վատ նախադեպն այն է, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը կարող է իրականացնել գործառույթներ, որոնք իր լիազորությունների մեջ չի մտնում և պարունակում է հակասահմանադրական տարրեր։
«Այ սա վատ նախադեպ է»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն առաջարկում են այդ քննությունն անցկացնել Երևանի ավագանու միջոցով։
Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ իրենք երեկ այս առնչությամբ հայտարարություն են տարածել և ներկայացրել են առաջարկություններ։
Այսպիսով, նախագիծը չընդունվեց 39 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայնով:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից նախատեսվում էր ստեղծել 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին