Ավանդատուները բանկից եկամուտ կստանան գումարը ներդնելու օրվանից սկսած
«Ավանդատուները ներդրման օրվա համար եկամուտ ստանալու հնարավորություն կունենան»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Ւմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը։
Մանուկյանի խոսքով, նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, մուտքագրման օրվա համար որևէ եկամուտ չեն ստացել։ Մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար ԿԲ-ից որոշակի գումար է ստանում. «Այսինքն՝ մեր առաջարկած նախագծով խարխլված արդարությունը կվերականգնվի»։
Մանուկյանը նշեց, որ եղած տվյալների հիման վրա կատարվել է գնահատում. նոր կնքված պայմանագրերի արդյունքում առավելագույն եկամուտը, որ կարող էր ավանդատուն ստանալ, 2019 թվականի 11 ամիսների տվյալներով՝ 320 մլն դրամի է հասնում։
«Էս կարգի գումար ավանդատուները կարող էին հավելյալ ստանալ»,- նշեց Մանուկյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե ժամկետային ավանդային պայմանագրերի քանակը որքան է, քանի՞ ավանդատու կա, և որքա՞ն գումար են քաղաքացիները շահելու։
«11 ամսվա տվյալներով 320 մլն դրամի մասին է խոսվում։ Բայց այս նախագիծը ավանդատուների թվի հետ կապ չունի»,- նշեց Մանուկյանը։
Պապոյանը հակադարձեց, նշելով, որ առավոտյան ժամը 9-ին կնքված պայմանագիրը բանկին կարող է ավելի մեծ օգուտ բերել, քան երեկոյան ժամերին կնքվածը. «Էս պահը հաշվի առե՞լ եք։ Եթե այդ ավանդը բանկին օգուտ է բերելու, հաշվի առնվե՞լ է՝ որ ժամին է մուտքագրվել գումարը»։
Մանուկյանը պատասխանեց, որ գործառնական օրվա ընթացքում կատարված մուտքագրումը՝ լինի դա 09.00-ին, թե 14.30-ին, միևնույն է, բանկն ունի հնարավորություն այդ գումարից օգուտ ստանալու։
«Էս պարագայում րոպեական ճշտությունները գնահատելը դժվար է, բայց ժամից անկախ օրը գործառնական է»,- նշեց Մանուկյանը։
Խորհրդարանը քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Համազասպ Դանիելյանի կողմից ներկայացված «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու» մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։