«Տարեկան մեր ՀՆԱ-ից ավելի մեծ գումար է շրջանառվում արտարժութային շուկայում»
«Քննարկվող օրինագիծը հակասական է»,-խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Բագրատյանի խոսքով, հասկանալի է, որ այս օրինագծով ԿԲ գործառույթներն ավելի հասկանալի են դառնում, բայց մյուս կողմից ընդդիմությունը մտածում է նաև՝ արդյոք դրա պատճառով աշխատատեղերի կրճատում չի լինում, և արդյոք դա առիթ չի տա, որպեսզի արտարժութային գործարքներն իրականացվեն որոշակի մենաշնորհով։
«Լիցենզիաների պահանջ չկա, բայց եթե չկան լիցենզիա ցանկացողներ, ինչու ենք ուզում լիցենզավորումը դադարեցնել։ Եթե կա օրենք, որն այլևս չի գործում, ինչու ենք բերել ԱԺ, որ այն հանվի։ ԿԲ-ն կարող է ավելի պարզ ներկայացնել իր սպասելիքները»,- նշեց Բագրատյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ եթե իրավաբանական անձանց միջև անկանխիկ արտարժութային լիցենզավորվող գործարքները ֆինանսական կայունության վրա նեգատիվ ազդեցություն ունեն, ապա օրենսդիրը օր առաջ պետք է կանոնակարգումներ մտցնի։
«Ես շատ կուզենամ, որ մենք տեսնենք էդ ռիսկերը, որոնք բերում են ֆինանսական կայունության խաթարման։ Ինչպե՞ս են դրանք գնահատվում։ Ո՞րն է լինելու ԿԲ ռազմավարությունը»,- նշեց Մանուկյանը։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ 15 տարվա լիցենզավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին է մոտենում։
«Որևէ աշխատատեղի կրճատում, բիզնեսի փակում կամ սահմանափակում չի նախատեսվում։ Կա ավելի լավ կարգավորման ռեժիմ, որով տնտեսվարողները կարող են ավելի մեծ եկամուտ ունենալ»։
Երիցյանը նշեց, որ արտարժութային շուկայում շաբաթական 250-300 մլն ծավալով գումար է շրջանառում. «Տարեկան մեր ՀՆԱ-ից ավելի մեծ գումար է շրջանառվում արտարժութային շուկայում։ Բայց դրանից եկամուտները քիչ են, որովհետև այն մեծ չի։ Նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ, Հայաստանում արտարժութային շուկան ավելի խորն է, որովհետև ջանք է դրվել դրա մեջ։ Մենք ունենք ավելի կայուն շուկաներ»։
Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո արժութային-դիլերական բրոքերային գործունեությունը՝ որպես արտոնված գործունեության տեսակ, կդադարի գոյություն ունենալ, և այդ ծառայությունները կմատուցվեն ֆինանսական այլ ինստիտուտների կողմից, որոնք գործում են շուկայում։