Արժութային-դիլերական բրոքերային գործունեությունը կդադարի գոյություն ունենալ
«Իրավաբանական անձանց միջև անկանխիկ արտարժութային գործարքների լիցենզիայի վերահսկման անհրաժեշտություն է առաջացել»,- խորհրդարանում ասաց ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։
Երիցյանի խոսքով, կոնկրետ ֆինանսական ինստիուտներն իրավունք ունեն նման գործունեություն իրականացնելու, քանի որ դրանք ունեն կապիտալ և ռիսկերը զսպված են։
«Այդ լիզենզիայից օգտվել են արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնող սուբյեկտները։ Երբ արժեթղթերի տեսչությունը առանձին է եղել, և արժեթղթերի օրենքը ձևավորված չի եղել։ Այդ ընթացքում որոշակի ընկերություններ գործել են։ Այս պահի դրությամբ բոլոր ընկերություններն անցել են կարգավորման այլ դաշտ, լիցենզիաներ են ստացել»,- նշեց Երիցյանը։
Վերջինիս կարծիքով, գործունեության այս տեսակը վերացնելով, որևէ սուբյեկտի լիցենզիան չի դադարում. այս պահին չկան նման լիցենզիաներ։
«Լինում են նաև չարաշահումների դեպքեր և սպառողների շահերի պաշտպանության կարիք է առաջանում, որին է ուղղված կարգավորման դաշտի ամբողջ գործունեությունը. ՀՀ տնտեսությունը զգայուն է փոխարժեքի տատանումների նկատմամբ»։
Երիցյանը հստակեցրեց. իրավաբանական անձանց միջև անկանխիկ արտարժութային գործարքները պետք է իրականացվեն սուբյեկտները, ովքեր լիցենզավորված են այդ շուկայում գործունեություն իրականացնելու համար։
«Այս օրենսդրական փաթեթի ընդունումից հետո արժութային-դիլերական բրոքերային գործունեությունը՝ որպես արտոնված գործունեության տեսակ, կդադարի գոյություն ունենալ, և այդ ծառայությունները կմատուցվեն ֆինանսական այլ ինստիտուտների կողմից, որոնք գործում են շուկայում»,- նշեց Երիցյանը։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ այսօր քանի լիցենզավորված սուբյեկտ կա, և նրանց կողմից շուկայում արտարժույթների փոխանակումն ինչ ծավալով է իրականանում։
Պատասխանելով Մելքումյանի հարցին՝ Երիցյանը նշեց, որ այս պահին որևէ տնտեսվարող սուբյեկտ չկա, որ այդ լիցենզիան ունի։
«Մոտ 10-15 սուբյեկտ մինչև 2002 թվականը դիմել է, քանի որ չկար «Արժեթղթային շուկայի մասին» օրենք, դրանից հետո տեղափոխվել են, և օրենքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուց հետո՝ 2007 թվականին, այդ սուբյեկտների քանակը դարձել է 1։ Այդ մեկ լիցենզիան դարձել է ներդրումային ընկերություն, որովհետև ավելի նախընտրելի է կարգավորման իմաստով»,- նշեց Երիցյանը։
Նշենք, որ խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։