ՀՅԴ-ի հայցն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարույթ է ընդունվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը վարույթ է ընդունել ՀՅԴ տասնմեկ անդամների հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պայմանով: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Դատարանի որոշման մեջ նշվում է. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի, ներկայացրած հայցադիմումն ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նախապատրաստել դատաքննության:
Սույն որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ»:
Yerkir.am-ն ավելի վաղ գրել էր, որ հայցի համար հիմք է հանդիսացել Ա. Բաբաջանյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից ՀՅԴ-ի մասին հնչեցրած ելույթը, որտեղ մասնավորապես նշել էր. «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։