Մանվել Գրիգորյանի պաշտպանը հնարավոր է դիմի վարչապետին
«Այն, ինչ ընթանում է Մանվել Գրիգորյանի գործով, ոչ թե դատավարություն է, այլ տևական խոշտանգում երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նա նշեց, որ եթե այս գործառույթներից հետո համապատասխան դիրքորոշում չի հայտնվելու, նշանակում է տվյալ դեպքում որոշ անձանց, այդ թվում դատարանին, անհրաժեշտ է ոչ թե կենդանի Մանվել Գրիգորյան, այլ մահացած՝ «երևի այն սկզբունքով, որ չկա մարդ, չկա խնդիր»:
Պաշտպանը տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, տառապում է 30-ից ավելի հիվանդություններով, բացարձակ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, թթվածնային քաղցն այնքան է, որ գրեթե 24-ժամյա ռեժիմով թթվածին է միացված:
Լ. Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ Մ. Գրիգորյանին Ֆրանսիա տեղափոխել հարազատների միջոցների հաշվին հետագա ստուգում, բուժում անցնելու համար, այսինքն բուժվի այն հիվանդանոցում, որտեղ նախկինում բուժվել է:
«Դատախազության կողմից, իմ կարծիքով վերացական դատողության հիմքով, առարկվեց: Բանականաբար, եթե դատախազությունն առարկում է, ապա դատարանը, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընտրովի արդարադատություն է իրականացնում, մերժեց մեր միջնորդությունը»,- ասաց պաշտպանը:
Նրա խոսքով, այդ հիվանդանոցում ավելի ինտենսիվ բուժման եղանակ կա, սակայն թույլ չտվեցին, որպեսզի Մ. Գրիգորյանը գնա, բուժվի ու արժանապատիվ ներկայանա արդարադատությանը:
Փաստաբանը չբացառեց, որ առաջիկա օրերին դիմի վարչապետին, որպեսզի վերջինիս անմիջական հանձարարությամբ ստեղծվի անկախ հանձնաժողով, որը գնահատական տա Գրիգորյանի գործով այն անօրինականություններին, որոնք, պաշտպանների կարծիքով, տեղի են ունեցել ու ունենում լիազոր մարմինների կողմից:
«Հանրության մեջ գցվեց այն զազրելի արարքը, որ իբր կատարել է իմ պաշտպանյալը, ու այդ ցուցանիշն ապահովելու համար, բնականաբար, պետք է դատարանն ամեն ինչ անի, իսկ արդար դատաքննության ընթացքում, իմ համոզմամբ, ուղղակի փլուզվելու է այդ մեղադրանքը»,- ասաց Լևոն Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին դատախազության նախաձեռնությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրավիրվել էր արտահերթ դատական նիստ՝ քննարկելու Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման պատճառով նրա խափանման միջոցը փոփոխելու նպատակահարմարության հարցը: Դատարանը բավարարել է միջնորդությունը, Մանվել Գրիգորյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին տեղափոխել Ֆրանսիա
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու հարցով ՄԻՊ միջնորդությունները մի քանի անգամ մերժվել էին
- Պաշտպան. «Մարտի 1-ի» գործով Մանվել Գրիգորյանին չի առաջարկվել, որպեսզի ցուցմունք տա
- Պաշտպան. Բարձրաձայնել էինք, որ գալու է ժամանակը, երբ Մանվել Գրիգորյանի կյանքին էական վտանգ է սպառնալու
- Մանվել Գրիգորյանն ազատ արձակվեց
- Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
- ՄԻՊ. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
- Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննարկման վերաբերյալ արտահերթ նիստ կգումարվի
- Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է.ՄԻՊ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հիմա աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա
- Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Դատարանը խախտում է հավասարության սկզբունքը
- Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին