Պարո´ն Մարուքյան, կարող եք գնալ, Ձեր հին գոծընկերների հետ սուրճ խմել. լեզվակռիվ ԱԺ-ում
Ինչպես այսօր տեղեկացրել ենք, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քվեարկությանը, որով նախատեսվում էր ուսումնասիրել Երևանի քաղաքապետարանի նվիրատվությունները։
Քվեարկությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ քաղաքական մեծամասնությունն իր այս գործողությամբ ցույց տվեց, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար քաղաքական կամք չունի։
«Հարցը խորհրդարանի հարթակում է արդեն եղել, և Երևանի ավագանին չի որոշում խորհրդարանի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը: Տիկին Մակունց, եթե կարծում եք, որ Երևանի ավագանին է որոշելու մեր լիազորությունները, ես ուղղակի հիասթափված եմ: Ես ուզում եմ ասել, որ սա վատ նախադեպ է: Նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարաններում, որ ընդդիմության սահմանադրական լիազորությունները նման ձևով, նման ճանապարհով տապալվեն: Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու, պարոն Միրզոյան։ Ես ասում եմ, որ հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման հետընթաց է արձանագրվում։ Սրանով դուք ցույց եք տալիս Հայաստանի ժողովրդին, որ այդ հանձնաժողովում քաղաքական մեծամասնություն ունենալով վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը։ Սրանից այն կողմ էլ ի՞նչ խայտառակություն պետք է լինի»,- նշեց էդմոն Մարուքյանը։
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Պարոն Մարուքյան, բարեբախտաբար Հայաստանում աբսոլյուտ իշխանությամբ օժտված չէ որևէ սահմանադրական մարմին, այդ թվում՝ խորհրդարանը, մեզնից յուրաքանչյուրը պետք է գործի բացառապես այն լիազորությունների շրջանակում, որոնք նրան վերապահված են Սահմանադրությամբ»:
Նրա խոսքով՝ ԱԺ-ն տվյալ հարցում այդ լիազորությունը չունի։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ էդմոն Մարուքյանին կոչ արեց կոռեկտ արտահայտվել:
«Եթե կարոտում եք նախկին խորհրդարանին, կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմել: Հաշտվեք այն մտքի հետը, որ նոր խորհրդարանում եք: Ինչ վերաբերում է նրան, թե սա խայտառակություն է, ապա ամեն ինչ շատ պարզ է, եթե քննիչ հանձնաժողով եք ուզում, գնացեք Դավիթ Խաժակյանի հետ խոսեք, թող այնտեղ լինի»,-նշեց Ռուբեն Ռուբինյանը:
Դրանից հետո լեզվակռիվ սկսվեց Ռուբինյանի և Մարուքյանի միջև։ «Սուրճ խմելու» մասին արտահայտությունը դուր չէր եկել Էդմոն Մարուքյանին և նա մոտեցել էր Ռուբինյանին ու փորձում էր ինչ-որ բան ասել։
Լեզվակռվին միջամտեց Արարատ Միրզոյանը. «Պարո´ն Ռուբինյան, լռություն, պարո´ն Մարուքյան, Ձեր արածը կոռեկտ չէ»։
Այնուհետև ԱԺ նախագահը հավելեց. «Պարոն Մարուքյան, նախազգուշացում է Ձեզ հայտարարվում»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը
- Կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի քաղաքապետարան-նվիրատու հարաբերությունները